Կառավարությունը քաղաքացիներին կվերադարձնի 70 մլրդ դրամ համընդհանուր հայտարարագրման միջոցով
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը գործարկում է եկամտային հարկի վերադարձման նոր համակարգ՝ համընդհանուր հայտարարագրման միջոցով, որը թույլ կտա քաղաքացիներին վերադարձնել շուրջ 70 միլիարդ դրամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 30-ի նիստում։
Վարչապետի խոսքով, նոր համակարգը կլրացնի արդեն գործող հիփոթեքային վարկերի գծով եկամտային հարկի վերադարձման ծրագիրը, որի շրջանակներում անցյալ տարի քաղաքացիներին վերադարձվել է 68 միլիարդ դրամ։ Միջոցները կվերադարձվեն աշխատող քաղաքացիներին՝ կրթական և առողջապահական նպատակներով։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ երկու աշխատող անդամ ունեցող միջին վիճակագրական ընտանիքը կկարողանա լրացուցիչ ստանալ շուրջ 200 հազար դրամ։ Դրա համար անհրաժեշտ կլինի միայն լրացնել հայտարարագիր, ինչը կտևի 20-30 րոպե։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ընդգծել է, որ եկամուտների հայտարարագրումը քաղաքացիներին կդարձնի ավելի թափանցիկ ֆինանսական շուկայի համար, ինչը կհեշտացնի վարկերի ստացումը և բիզնեսի զարգացումը։ Բացի այդ, համակարգը կօգնի կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարում, ասել է նա: