Դաս-քննարկում. «Կրթության միջազգային օրը»՝ Գանձակի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում
Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում, որը հիմնադրվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի և Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի համատեղ ուժերով, տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված կրթության միջազգային օրվան։
Դաս-քննարկման ընթացքում քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են. ի՞նչ է կրթությունը, կրթության ի՞նչ փուլեր կան, երբվանի՞ց է մարդ ակսում կրթություն ստանալ, ինչպե՞ս է կրթությունը փոխում կյանքի որակը։
Ուսուցչուհի Ազնիվ Լևոնյանն ու կենտրոնի սաները քննարկեցին, թե ինչպես է մարդն իր կյանքի որակը փոխելու համար օգտագործում ստացած կրթությունը։
Դաս-քննարկման ընթացքում աշակերտները խոսեցին նաև, թե արդյոք միշտ եղել են դպրոցներ և միշտ հասանելի են եղել բոլոր մարդկանց համար՝ միջառարկայական կապ անցկացնելով պատմության ընթացքում կրթության փոփոխությունների միջև։
Հետաքրքիր ու բուռն քննարկման վերջում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները հայտնեցին իրենց կարծիքը, թե ինչպիսի կրթություն կցանկանան ստանալ իրենք։
Հասարակության լիարժեք անդամ դառնալու և կայուն զարգացմանը մասնակից լինելու համար կրթությունն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց է: Մշտապես կրթվենք ինքներս՝ կրթելով սերունդներին։
Հայաստանում գործում է երեք «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոն, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։ Բացի Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի կենտրոնից, գործում են նաև կենտրոններ Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում: Յուրաքանչյուր կենտրոն ունի իր ուրույն անվանումը։ Սևանի կենտրոնը կոչվում է «Մշակույթ», Գանձակի կենտրոնը՝ «Գրականություն», իսկ Արենիի կենտրոնը՝ «Տիեզերք»։ Ներկայումս ավելի քան 250 աշակերտներ հաճախում են կենտրոններ: