Կյանքն առանց համացանցի. Սևանի «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը հյուրընկալել էր հոգեբանի
Սևան քաղաքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում, որը հիմնադրվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ և Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի աջակցությամբ, անցկացվել է հերթական միջոցառումը՝ նվիրված «Առանց համացանցի միջազգային օրվան։
«Ռուսաց լեզվի և մշակույթի» Սևանի կենտրոն հյուրընկալվել էր հոգեբան Մանուկյան Սոնան։ Հանդիպման թեման՝ «Կյանքն առանց համացանցի. դրական ու բացասական կողմերը»։ Նա ավագ խմբի սաների հետ զրուցեց հեռախոսից, համացանցից, սոցիալական ցանցերից կախվածության, դրանց վատ ազդեցության մասին։ Քննարկման ընթացքում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի ուսուցչուհի Նեկտար Համբարձումյանն ու սաները բարձրաձայնեցին համացանցի դրական և բացասական կողմերը, հոգեբանի հետ կիսվեցին իրենց մտահոգություններով, հայտնեցին իրենց կարծիքը։
Այս տոնի հիմնական նպատակն է առնվազն մեկ օրով ամբողջությամբ շեղել մարդկանց համակարգիչներից և համացանցից, որպեսզի այդ օրն ապրեն բացառապես «իրական» աշխարհում, շփվեն այլ մարդկանց հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է երեք «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոն, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։ Կենտրոններ գործում են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում, Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում: Յուրաքանչյուր կենտրոն ունի իր ուրույն անվանումը։ Սևանի կենտրոնը կոչվում է «Մշակույթ», Գանձակի կենտրոնը՝ «Գրականություն», իսկ Արենիի կենտրոնը՝ «Տիեզերք»։ Ներկայումս ավելի քան 250 աշակերտներ հաճախում են կենտրոններ: