Ձեռագիր նամակի օրը՝ Ռուսաց լեզվի և մշակույթի Գանձակի կենտրոնում
Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում, որը հիմնադրվել է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի և Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի համատեղ ուժերով, տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված ձեռագիր նամակի օրվան։
Ձեռագիր նամակի օրը ստեղծվել է՝ նպատակ ունենալով բոլորիս հիշեցնել ձեռագիր նամակի ինքնատիպության, յուրաքանչյուր մարդու ձեռագրի անկրկնելիության մասին:
Միջոցառման ընթացքում «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի ուսուցչուհի Ժաննա Բոզիկյանն աշակերտներին պատմեց ձեռագիր նամակի ստեղծման, զարգացման, տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև դրա կարևորության մասին։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին լսում, քանզի դա նրանց համար երևակայական աշխարհ է։
Կենտրոնի սաներն իրենց ձեռքերերով նամակներ գրեցին՝ ռուսերեն լեզվով շարադրելով իրենց մտքերը, ծրարներ պատրաստեցին, ապա այցելեցին նաև փոստ՝ ուսումնասիրելու նամակի հետագա «ճակատագիրը»։
Նման հետաքրիքր փորձ երեխաները չէին ունեցել, այս տոնն առիթ հանդիսացավ, որպեսզի բացահայտեն նամակներ գրելու մշակույթը ևս։
Հայաստանում գործում է երեք «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոն, որոնք ուղղված են ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրությանը։ Կենտրոններ գործում են Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում, Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում: Յուրաքանչյուր կենտրոն ունի իր ուրույն անվանումը։ Սևանի կենտրոնը կոչվում է «Մշակույթ», Գանձակի կենտրոնը՝ «Գրականություն», իսկ Արենիի կենտրոնը՝ «Տիեզերք»։ Ներկայումս ավելի քան 250 աշակերտներ հաճախում են կենտրոններ: