VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից բոյկոտ սկսել․ «Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա եւ նստում: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբներին, սակայն պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն: Նա մտերիմներին հայտնել է, որ չի ուզում հանրայնացնել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ Չնայած դրան, ՔՊ-ում ակտիվ քննարկում են գործընկերոջ «դժբախտությունը», ոմանք չարախնդում են, թե եթե Հրաչն իր առանձնատանը մի քիչ երկար ապրեր, չէին թալանի` ամբողջ տարին շրջագայում է, գողերն էլ օգտվել են դրանից։
ՆԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե հունվարի 14-ին ահազանգ են ստացել, որ կողոպուտի դեպք է գրանցվել Ձորաղբյուրի առանձնատներից մեկում, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Հակոբյանն այդ առանձնատունը ձեռք է բերել իշխանափոխությունից հետո»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը: Մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը ողջ մարզական աշխարհն է որոշել հանձնել Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլեւ, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:
Հարությունյանն առաջիկայում կարող է նաեւ այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում` Ֆուտբոլի ֆեդերացիայինը:
Ըստ այդմ, մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին: Այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, եւ տեղեկացանք, որ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:
ՀՖՖ Մարքեթինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթեւոսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն մի քիչ մտածելուց հետո ասաց, որ իր հեռանալը կապ չունի Մելիքբեկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ` ինքն այլ ոլորտում աշխատանքի է անցել»։