Փաշինյանը համերաշխություն է հայտնել Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժած բնակիչներին՝ հատուկ նշելով Լոս Անջելեսի և ամբողջ նահանգի հայ համայնքին։ Այս մասին կառավարության ղեկավարը գրել է X-ում իր միկրոբլոգում։
«Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, երբ նրանք բախվում են ավերիչ անտառային հրդեհների հետ։ Հայաստանը իր համերաշխությունն է հայտնում տուժածներին, ներառյալ՝ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքին։ Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին», - գրել է վարչապետը։
Վերջին տվյալներով՝ Լոս Անջելեսի հարակից տարածքներում անցյալ շաբաթվա կեսերին բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 10 հազար շենք, այդ թվում՝ հոլիվուդյան հայտնի դերասաններ Էնթոնի Հոփքինսի, Ադամ Բրոդիի, Աննա Ֆարիսի և Մել Գիբսոնի տները։ Շուրջ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակարանը։
Նախնական գնահատմամբ՝ վնասը կարող է կազմել մոտ 150 միլիարդ դոլար։ Այս տարերային աղետն արդեն անվանվել է տարածաշրջանի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։