10.01.2025
Մեղադրական դատավճիռ է կայացվել բարձրաստիճան երկու զինվորականի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ԵՊՀ ուսանողները կմասնակցեն 2025թ. ICPC ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակչում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք ICPC ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:


Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։


Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են:


«Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար, որը նաև նոր սպասումներ է ձևավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումը պետության առաջնահերթություններից է:


Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու ICPC ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:


ICPC ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության հիմնական մրցույթին մասնակցել են 300-ից ավելի թիմեր։ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին և զուգահեռաբար անցկացվել է 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։ ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում հանդես են եկել Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, օլիմպիադային մասնակցել է Թբիլիսիում։ Ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը՝ ԵՊՀ թիմը ստացել է 2025 թվականի ICPC-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք՝ արդյունքում դառնալով միակը Հարավային Կովկասում: ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է տարածաշրջանի համալսարանների համեմատ։


Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է՝ բավական բարդ մրցակցություն է ընթացել աշխարհի ուժեղագույն համալսարանների և ուսանողների միջև: ԵՊՀ ուսանողները ևս խոսել են իրենց տպավորությունների և հետաքրքիր փորձառության մասին:


Անդրադարձ է կատարվել 2025 թվականի ICPC-ի եզրափակիչի նախապատրաստական փուլի կազմակերպմանը, հավաքների և ճամբարների անցկացման հնարավորություններին:


Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից պետությունը ֆինանսավորում է դպրոցական օլիմպիական խմբակները և կարևորել է սերնդափոխության ու թիմերում նոր ուսանողների ընդգրկման գործընթացը։


ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է երիտասարդ գիտնականների աջակցության, միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորման պետական քաղաքականությունը։


 

Լուսանկարը ստեղծվել է ԱԲ-ի օգնությամբ
Հաջորդ նորություն next