«Լույս» հիմնադրամ. տնտեսական աճը դանդաղում է, վարկերը` աճում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կողմից իրականացված 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս երկրում տնտեսական ակտիվության տեմպերի էական դանդաղում։
Հիմնադրամի փորձագետները նշում են, որ նախորդ տարվա բարձր աճն ապահովող հիմնական գործոնները, մասնավորապես ոսկու վերաարտահանումը, զգալիորեն նվազել են։ Սա հանգեցրել է արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշների անկման։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ տնտեսական աճը կարող է զգալիորեն ցածր լինել կառավարության կողմից կանխատեսված 5.8%-ից, որը դրված է 2025թ. բյուջեի հիմքում։
Ուշագրավ է, որ տնտեսական ակտիվության դանդաղման ֆոնին նկատվում է սպառողական վարկավորման կտրուկ աճ։ Սպառողական և հիպոթեքային վարկերի աճը կազմել է համապատասխանաբար 30.6% և 25.8%, ինչը մի քանի անգամ գերազանցում է բնակչության եկամուտների աճի ցուցանիշները։