Վրաստանի նոր նախագահը խաղաղ վերամիավորման կողմնակից է
Միխեիլ Կավելաշվիլին, որի լեգիտիմությունը վիճարկվում է ընդդիմության և երկրի որոշ միջազգային գործընկերների կողմից, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին հայտարարություն է արել արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
Իր ելույթում Կավելաշվիլին ընդգծել է, որ Աբխազիայի և Օսիայի հիմնախնդիրը, որը շարունակվում է արդեն երեք տասնամյակ, մնում է երկրի ցավոտ թեման։ Նա հայտարարել է օկուպացիոն գծերով բաժանված երկրի միավորման համար բացառապես դիվանագիտական և խաղաղ միջոցների օգտագործման անհրաժեշտության մասին։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները բոլոր ջանքերը կգործադրեն համատեղ օրակարգում դեօկուպացիայի հարցի առաջմղման համար։
Պետության նոր ղեկավարը նաև նշել է Վրաստանի անվտանգության ապահովման, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացի, ինչպես նաև երկրի և ժողովրդի համար խաղաղության, կայունության և տնտեսական բարեկեցության իրականացման կարևորությունը։ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանում։