28.12.2024
Ադրբեջանում ևս վերլուծում են Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունները
prev Նախորդ նորություն

Աննա Հակոբյանը չի ցանկացել խայտառակվել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը չի կայացել։ Վարչապետի կնոջ հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, հավանաբար՝ տեղի կունենա հունվարին: Հետաձգման պատճառների մասին չեն հայտնել: Ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված իշխանական լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել` փոքրաթիվ եւ անհայտ լրագրողների հետ հանդիպման պատճառով։ Հիշեցնենք, որ «Կրթությունը նորաձեւ է» արշավի շրջանակներում Հակոբյանը ցանկություն էր հայտնել «կրթել» նաեւ լրագրողներին, ու խմբագրություններին նամակ էին ուղարկել` առաջարկելով լուսաբանման «ոչ ենթակա» հանդիպմանը երկու անձ ուղարկել` մեկ քաղաքական լրագրող եւ մեկ խմբագիր, եւ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50-ին` անձը հաստատող փաստաթղթով: Նկատենք, որ այս օրերին տիկինը տարբեր գրառումներ է անում` իրեն ուղղված քննադատական տեքստերից մեջբերումներով, եւ խոստանում է «տգիտության ճիրաններից ազատագրել» իրեն քննադատողներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը ցավակցելու էր գնացել մի քանի պատգամավոր, իսկ տասնյակից ավելի պատգամավորներ էլ զանգել են Աղազարյանին եւ հեռախոսով ցավակցել ու ներողություն խնդրել, որ ստեղծված իրավիճակում չեն կարող նրա կողքին լինել։ Այսինքն՝ Փաշինյանը կարող է պատժել հոգեհանգստի գնացած մարդկանց: ՔՊ-ի ժանդարմների խումբն էլ նստել է Փաշինյանի ականջին, թե քո հրահանգը չկատարողներին պետք է պատժել, եւ հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու մարդկային որակները կորցրած առաջնորդը` ում է sms ուղարկելու։ Հիշեցնենք, որ ՔՊ վերնախավից ոչ մեկը չէր մասնակցել հոգեհանգստին: Գնացել էին միայն Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանն ու նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Մասնակցել են նաեւ միջին կալիբրի ՔՊ-ական չինովնիկներ ու շարքային կուսակցականներ։


«Հրապարակ» թերթը գրում է. Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աշխատանքից ազատելուց հաշված օրեր անց ձերբակալեցին, ապա տնային կալանք տվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեից ընդամենը հայտնեցին, որ ՀԿԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել։ Ծառուկյանի նախկին թիմակից Վահագն Գեւորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021թ․ դեկտեմբերի 17-ից։ Մինչ այդ նա Աբովյանի քաղաքապետն էր` 2015թ․ ընտրվել էր ԲՀԿ ցուցակով, ապա՝ վերընտրվել, այս անգամ՝ որպես անկուսակցական։ Նրա մտերիմներից մեկի փոխանցմամբ, Գեւորգյանին մեղադրում են թե՛ կոմիտեում հայտնաբերված խախտումների համար, թե՛ քաղաքապետի պաշտոնում` «պաշտոնեական դիրքի չարաշահման»։


Բանն այն է, որ մի քանի օր առաջ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի սեղանին է դրել Կոտայքի մարզպետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերել են Կոտայքի մարզպետարանում 2021-2023 թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։ Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների եւ այլնի մասով։ 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած հայտնի ամոթալի վեճից հետո, որոշում է կայացվել մերժել Վահե Մակարյանի` ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանի համար լրագրողի հավատարմագրման դիմումը։ Որոշումը հենց Ալեն Սիմոնյանինն է։


«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ սկզբունքով են MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին զրկում նաև 2025 թվականին Ազգային Ժողովում հավատարմագրվելու իրավունքից:


Պահանջել էինք նաև ներկայացնել որոշման հիմքերը: Հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից հայտնեցին․


«MediaHub.am լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ խորհրդի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ 062-Լ որոշմամբ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 16-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը», – ասված է պատասխանում։


Ազգային Ժողովի կողմից հղում արված որոշումը ենթադրում է․ 5-րդ կետով՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հավատարմագրման ներկայացված լրագրողը հավատարմագրման պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Աշխատակազմի կողմից ստացել է երկու նախազգուշացում։ 6-րդ կետով՝ հավատարմագրման ներկայացվող լրագրողի հավատարմագրումը հավատարմագրման ներկայացման պահին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում Աշխատակազմը վաղաժամ դադարեցրել է:


Այսինքն, ստացվում է, որ այսուհետև անգամ հավատարմագրումը վաղաժամ դադարեցնելու դեպքում՝ լրագրողը մեկ օրացուցային տարի խորհրդարան մտնելու իրավունք չի ունենա։ Ահա թե ինչպիսի նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը լրագրողների հավատարմագրման փուլի մեկնարկին ընդառաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ընդ որում, իր հաստատած կարգը հետին թվով է ուժ ստանում փաստացի:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին լրագրող Վահե Մակարյանը մանրամասնորեն պատմել էր իր և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, իրեն խուլիգանի նման պահել։ Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել էին լրագրողի ձեռքերը, որպեսզի ԱԺ նախագահը հարվածի նրան, և այս խուլիգանական վարքագծի դրսևորումը, փողոցային հայհոյանքները լսվել էին ԱԺ միջանցքում։»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նրա կոկորդին է, ու դրա հետ «անողոք կռիվ է տալիս»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանությունների մանրախնդրության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ հարկատուների հաշվին «սնվող» Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ: Ինչպես Մայր աթոռից էին հայտնել՝ Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվել էր:


Պարզվում է, որ հայրենի իշխանությունների «հրահանգով» Հ1-ը այս տարի եւս որոշվել է չհեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ ճղճիմ պատճառաբանությամբ: Կաթողիկոսի ուղերձը, չգիտես ինչու, ցանկանում են հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, մինչդեռ տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր հոգևոր առաջնորդի՝ կաթողիկոսի հայրապետական ուղերձը: Ստացվում է՝ Փաշինյանի մանրախնդրությունն ու փառասիրությունը թույլ չեն տալիս, որ կաթողիկոսի ելույթն իր ելույթից առաջ հեռարձակվի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանը իրեն դսևորում է հղփացած պաշտոնյայի նման. ամփոփիչ ասուլիս էր հրավիրել կիսադատարկ սրահում, սակավաթիվ լրատվամիջոցների հետ և քիմքին հաճելի հարցերով: Ահա այսպես է քաղաքային բյուջեի հաշվին ճոխ գնումներ ու գործուղումներ կազմակերպող, Երևանի հղփացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատկերացնում մամուլի ասուլիսի բնույթը, որը սովորաբար կոչված է բոլոր ԶԼՄ-ների լրագրողների հարցերին պատասխանելու համար, հանրությանը հետաքրքրող հարցերի պարզաբանման անխախտ նպատակով: Տեղեկացնենք նաև, որ Տիգրան Ավինյանը որոշել էր երեկոյան տալ ամփոփիչ ասուլիսը՝ հրավիրելով ոչ թե լրագրողների, այլ խմբագիրների: Տեղեկացանք, որ երեկ քաղաքապետարանի անցնող տարվա աշխատանքը ակտիվ լուսաբանող լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Ավինյանի ասուլիսին, իսկ որպես հիմնավորում ասել են, թե խմբագիրներն են միայն հրավիրված:


«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ զրկված էր քաղաքապետի ասուլիսին հարց ուղղելու հնարավորությունից, քաղաքապետարանից հարկ չէին համարել մեզ հրավեր ուղարկել, քանի որ հանդգնել ենք Ավինյանի կոռուպցիոն գործելաոճի կասկածների մասին նյութ հրապարակել, թե ինչպես են ՔՊ ակտիվի նիստում նրան մեղադրել, և ինչպես է քաղաքապետը սպառնալից մեսիջներ հասցրել իր թիմակից Արփի Դավոյանին, թե՝ ես քեզ կոչնչացնեմ: Իհարկե, հասկանալի է, որ մեդիաներին «աղբ» որակավորում տված քաղաքապետին հաճելի չէր լինի մի շարք սուր հարցերի պատասխանել, սակայն փորձը ցույց է տվել՝ լրատվամիջոցների հետ պայքարում միշտ պարտվում են պաշտոնյաները, ինչպես հայտնի ասույթում է՝ ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից պարզել՝ ինչ մեթոդով են լրատվամիջոցների վիճակահանությունը կազմակերպել, բայց վերջինս չարձագանքեց: Ի դեպ, երեկ սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև Ավինյանի հայրը, բայց ոչ թե ապտակի թեմայով` ինչպես աները, այլ խայտառակ հայտարարությամբ: «Պիտի 500․000 սարքեն «ստայանկան», որ ամեն համբալ չգա կանգնի ստեղ իրա գեղի Opel-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք՝ ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։ Սա Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու պատմությունից հետո երկրորդ ապտակն է ՀՀ քաղաքացուն ՔՊ վերնախավի կողմից: Թիրախում «գյուղացի «Օփել»»-ի վարորդներն են»: