25.12.2024
Եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք. վարչապետը՝ ՀՀ նախկին նախագահներին
prev Նախորդ նորություն

ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են դատական համակարգերի համագործակցությանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:

Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։

Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ այն փաստը, որ արդեն իսկ գրեթե 100 տոկոսով համալրված են դատավորների հաստիքները, ինչն իր հերթին կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափմանը և գործերի քննության ժամկետների կրճատմանը։

Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։

Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 12-ին Երևանում կայացած ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, նշվել է, որ այն կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ դատական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և զարգացման համար։

Հատկանշական է, որ այս համագործակցության շրջանակներում ԱՊՀ երկրների դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության ակադեմիայում։


Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված համագործակցությունը նաև դատական ոլորտում։ Նա պատրաստկամություն է հայտնել աջակցել դրա խորացմանը՝ մասնավորապես դատավորների վերապատրաստումների ոլորտում երկու երկների արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում։