ՀՀ-ն չունի տնտեսական անվտանգության հայեցակարգ, որով կդիմակայի Թուրքիայի էքսպանսիային
Նույնիսկ փակ սահմանների դեպքում Հայաստանը չունի տնտեսական անվտանգության այնպիսի հայեցակարգ, որով կկարողանա դիմակայել Թուրքիայի կամ ցանկացած այլ երկրի կողմից իրականացվող տնտեսական էքսպանսիային։
Հաշվի առնելով թուրքական կապիտալի գերակայությունը մեր տարածաշրջանում, պետք է նշենք, որ Հայաստանը որևէ հնարավորություն չունի մինչ այս պահը, որպեսզի կարողանա հակազդել թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականությանը, եթե Թուրքիան որոշի տնտեսական էքսպանիսիա կիրառել ՀՀ նկատմամբ։
Նույնիսկ հիմա հայկական շուկայում թուրքական տեքստիլին գին-որակ հարաբերակցությամբ այլընտրանք չկա, իսկ գյուղատնտեսական արտադրանքին եթե անգամ այս պահին որոշակի հավասարակշռում հնարավոր է իրանական և ռուսական արտադրանքով, ապա շատ մոտ ապագայում, երբ տեղական գյուղատնտեսության համար նոր ճգնաժամ կսկսվի` վայրի ուրբանիզացման պատճառով, թուրքական գյուղմթերքը ուղղակի գին-որակ հարաբերակցությամբ Հայաստանում այլընտրանք չի ունենա, իսկ տեղական գնորդը, որի կենցաղային պայմանների ծանրացումը կստիպի այլևս հաշվի չառնել ապրանքի թուրքական ծագումը, իսկ տեղական ապրանքը կլինի թանկ և որակով հաճախ զիջող։
Ուստի թուրքական տնտեսական էքսպանիսան երբ միանա ադրբեջանական էներգետիկ էքսպանսիային, Հայաստանի Հանրապետությունը կդառնա պարզապես «տրաֆարետային» պետություն` իրենից ոչինչ չներկայացնող։
Պատկերացրեք, եթե Ադրբեջանը սկսի Հայաստանին վաճառել գազ և նավթամթերք ավելի ցածր, քան դա կարող է անել Ռուսաստանը։ Հայաստանի անկախության համար դա կլինի ուղղակի կործանարար հարված` էներգետիկ էքսպանսիան կկոտրի դիմադրության վերջին օջախները։
Ուստի, եթե Թուրքիան և Ադրբեջանը հետևեն Թուրգութ Օզալի խորհրդին, ապա առանց պատերազմի էլ Հայաստանը դիմադրելու ոչինչ չի ունենա։
Քաղաքագետ Արա Պողոսյան