21.12.2024
Առնակ Ավետիսյանը վերանշանակվեց իր պաշտոնում
prev Նախորդ նորություն

Հակոբ Արշակյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով դեկտեմբերի 18-ին Էր-Ռիյադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, օրենսդրական բարենպաստ պայմանները՝ գործընկերներին հրավիրելով համագործակցության:


Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարևոր փոխկապակցված աշխարհում, որտեղ թվային տեխնոլոգիաները դարձել են կյանքի գրեթե բոլոր ոլորտների անբաժան մասը: Խորհրդարանների միջև միջազգային համագործակցությունը ևս առաջնային նշանակություն ունի, քանի որ թվայնացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ազդեցությունը դուրս է գալիս պետական սահմաններից՝ դառնալով գլոբալ մարտահրավեր, ազդելով ինչպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության, այնպես էլ պետությունների թվային ինքնիշխանության վրա:


Միաժամանակ ԱԺ փոխնախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ այդ տեսանկյունից կարևորելով նաև ինտերնետ կապուղիների ցանցի զարգացման դերը:


Քննարկմանը բանախոսների կարգավիճակով ներկա են եղել խորհրդարանականներ Արգենտինայից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից, Նամիբիայից և Պակիստանից:


Ֆորումի աշխատանքների շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Ինտերնետի կառավարման խորհրդի ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավար Չենգետայ Մասանգոյի և Ինտերնետ հասարակության հիմնադրամի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Սալի Վենթվորթի հետ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ինտերնետ կառավարման խորհրդի հետ համագործակցությունն առավել խորացնելու, ինչպես նաև Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները:


Հանդիպումներ են տեղի ունեցել նաև հյուրընկալ երկրի խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես նաև միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր շրջանակների հետ: