ՀՀ-ում խստացնում են առողջական վիճակով զինվորական ծառայությունից տարկետման կանոնները
Լուսանկարը` mil.am
Հայաստանում արմատապես փոխվում է առողջական վիճակով զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու մոտեցումը։ Կառավարությունը որոշում է ընդունել մի շարք հիվանդություններով զորակոչիկներին ճանաչել սահմանափակումներով պիտանի զինծառայության համար, որոնց դեպքում նախկինում տրվում էր մեկ տարվա տարկետում:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բացատրեց, որ մեկամյա տարկետումների գործող համակարգը հաճախ օգտագործվում է որպես զինծառայությունից խուսափելու սողանցք։ Նրա խոսքով, շատ զորակոչիկներ, տարկետում ստանալով, ոչինչ չեն ձեռնարկում բուժական միջամտությամբ բուժելի հիվանդությունները վերացնելու ուղղությամբ, փոխարենը տարեցտարի երկարաձգում են տարկետումը:
Այժմ, եթե մեկ տարվա ընթացքում պարզվի, որ զորակոչիկը չի անցել հասանելի բուժում կամ վիրահատություն, Պաշտպանության նախարարությունն իր միջոցներով կկազմակերպի անհրաժեշտ բժշկական միջամտությունը, որից հետո նրան կզորակոչի սահմանափակումներով ծառայության։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հավանության է արժանացել բանակի կերպափոխման նախագիծը։ Նա ընդգծեց բանակի նկատմամբ հասարակական վերաբերմունքի փոփոխման անհրաժեշտությունը՝ մատնանշելով պարադոքսային իրավիճակ. բանակի նկատմամբ ընդհանուր դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչային տարիքի երիտասարդների մեծամասնությունը չի ծառայում՝ վկայակոչելով առողջական տարբեր խնդիրներ: