Միրզոյանը և Ամիրին քննարկել են ՀՀ և ԻԻՀ միջև հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Իրանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հարգանքը՝ ընդգծելով, որ դա երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ամուր կապի դրսևորումներից մեկն է:
Արարատ Միրզոյանը և Ռեզա Սալեհի Ամիրին մտքեր են փոխանակել մշակութային ժառանգության պահպանման, արվեստի ոլորտում փոխգործակցությունն ու մարդկանց, մասնագետների միջև շփումները խթանող նոր նախաձեռնությունների կյանքի կոչման տարբեր գաղափարների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հարթակի միջոցով ընձեռնվող հնարավորությունների լավագույնս իրացման կարևորությունը:
Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: