18.12.2024
Ամենակարևոր հաստիքը թափուր է. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը: Ավելին, այս մասին բաց տեքստով դեռ գարնանը հայտարարել էր ԲՏԱ նախարարը, սակայն ամեն ինչ ավարտվել էր «պարտքային» շղարշով մասնակի, ժամանակավոր սահմանափակումներով: Քպամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանի իշխանությունը այս հարցում, կարծես, վերջնական որոշում ունի, այն է՝ Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները։ Գործընթացն, ըստ մեր աղբյուրի, կսկսվի արդեն հունվարից։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանությունները փորձում են իրավական «լազեյկաներ», տարբերակներ գտնել «արտամուլտիպլեքսային» ռուսական ալիքների, հատկապես, այսպես կոչված, «տեղեկատվական-քաղաքականների» հեռարձակումը ևս սահմանափակելու համար:


«Հրապարակը» գրում է․ Կառավարությունում անցած շաբաթ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, եւ հայտնի է դարձել խորհրդի կազմը․ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան, ԱԺ  նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյան, որը նախկինում քննչականում էր աշխատում, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյան, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, Սաքունցի ասոցիացիայի իրավաբան Անի Չատինյան։


Խորհուրդը պետք է նախագահ ընտրեր, Չատինյանն առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը, վերջինս, ի դեպ, 2000-ականների սկզբներին աշխատել է Սորոսի հիմնադրամի  կողմից հովանավորվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։ Այսինքն, հանձնաժողովի կեսը՝ 3 անդամ՝ գումարած Իոաննիսյանը, հայտնի կողմնորոշման են եւ կարող են համատեղ ուժերով որոշել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։ Իհարկե, վերջին շրջանում ակնհայտ է, որ Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին, արեւմտամետներին, ամերիկացիներին, սակայն կարող էին գոնե ձեւական անաչառություն ապահովել եւ այսքան միակողմանի մրցութային խորհուրդ չձեւավորել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը դեկտեմբերի 11-ի համարում… Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ վարչության և ակտիվի նիստերից որոշ մանրամասներ են հայտնում, որոնց ընթացքում Արփի Դավոյանը բոլորի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանից «հաշվետվություն» է պահանջել, թե՝ «ինչով կբացատրեք, պարո՛ն վարչապետ, այն իրողությունը, որ բոլոր պատգամավորները ստանում են նույն աշխատավարձը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակնհայտորեն առավել բարեկեցիկ են ապրում, թանկարժեք են հագնվում, տուն (տներ) ու մեքենաներ են գնում…»: Նիկոլ Փաշինյանը կլորացրած աչքերով լսել է իրեն ուղղված ակնհայտ ճշմարտությունը և պահանջել՝ ինչ խոսվում է, պետք է ներկայացվի փաստերով:


Անդրանիկ Քոչարյանը մենակ չի թողել Դավոյանին, երկրորդել է նրա ասածները, ասել, որ կոռուպցիան իշխանության ներսում անթույլատրելի չափերի է հասել: Արփի Դավոյանն էլ մի քանի ակնարկներ է արել որոշ պատգամավորների՝ այդ թվում և Սիսակ Գաբրիելյանի մասով: Նկատենք, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնազրկման վտանգը, նրանք բոլորը «հաշտ» էին կոռուպցիայի հետ, բայց երբ սկսեց երերալ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Քոչարյանն ու իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները հիշեցին կոռուպցիայի, անհավասարության, անարդարության մասին: Ու հենց սա հաշվի առնելով՝ ՔՊ վարչությունում և կուսակցության ակտիվի մեջ Արփի Դավոյանը կորցրել է իր վստահությունը՝ որպես հավատավոր թիմակից: Անգամ ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ու նրա կողմնակիցները թիմի ներսում հայտարարել են, թե Արփի Դավոյանի պահվածքը դավաճանական է, քանի որ չի կարելի թիմակիցներին քննադատել որևէ դեպքում՝ անգամ ներսում: Դե իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին կոռուպցիոն բացահայտումներց հետո Դավոյանը սպառնալից մեսիջներ է ստացել, թե՝ «Քեզ ոչնչացնելու եմ»:


«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանը իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, թե քնում-արթնանում է՝ մանդատից կամավոր հրաժարվելու մասին SMS ստանալու վախով: Նրան վտարվածի պես են թիմում վերաբերվում, դրա համար էլ, որպես արդարադատության նախարարի թեկնածու, 1-2 կողմ ձայն ստացավ 15 հոգանոց վարչության նիստում: Շարունակելի…»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովից հետո ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել։ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով վերջին օրերին հայտարարել է, որ իրենց դռնփակ նիստերից, ժողովներից արտահոսք կազմակերպողը արժանանալու է Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ճակատագրին. ոչ միայն կհեռացվեն, այլեւ հանրային կերպով կխայտառակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական «բարկացած» ժողովից հետո իշխանականների շրջանում մի իրարանցում է սկսվել. ՔՊ-ականները ջնջում, մաքրում են իրենց խոսակցությունները, գրագրությունները, չաթերը, նկարները, անձնական բնույթի տեղեկությունները, որպեսզի մի գեղեցիկ օր էլ այդ ամենը չհայտնվի վարչության նիստում, եւ իրենք չընկնեն Հովիկ Աղազարյանի օրը։


Բանն այն է, որ ՔՊ-ականներից շատերն իրենց հեռախոսներում ավելի վատ բովանդակություններով խոսակցություններ ու լուսանկարներ ունեն, ու եթե հանկարծ մի օր դրանք հանրայնացվեն, նրանց էլ ոչինչ չի փրկի։ Մի կողմից էլ իշխանականների սիրտը չի հանգստանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ իրավապահները կարող են անգամ նրանց հին ու ջնջված նամակագրությունները վեր հանել ու որպես կոմպրոմատ օգտագործել իրենց դեմ։ Դրա համար էլ ՔՊ-ականները շատ լուռ են. ոչ ոք չի ցանկանում «սխալվել»»:


«Հրապարակը» գրում է․ Մեկ շաբաթ առաջ Հովիկ Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց սկսեն` պարզելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն երրորդ անձի փոխանցել պատգամավորի անձնական ինֆորմացիան: Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն առգրավել է նրա հեռախոսը եւ դրա պարունակությունը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա էլ՝ ՔՊ ողջ թիմին: Սակայն դատախազությունը վարույթ հարուցելու փոխարեն մի գրություն է ուղարկել հակակոռուպցիոնի քննիչին՝ պահանջելով պարզաբանումներ տալ։


Մինչ Աղազարյանն իր իրավունքների համար պայքար կմղի, Կոմիտեից երեկ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար»` հենց Աղազարյանի դեմ։ Ի դեպ, ՔՊ-ում լավ չեն պատկերացնում՝ ինչպես է դատախազը խորհրդարանում հիմնավորելու մեղադրանքը եւ պատգամավորներին համոզելու, որ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է մինչեւ վերջ գնալ` մի կողմ դնելով օրենքը եւ ստիպելով, որ հանցանք գործեն նաեւ դատախազը, իր ողջ թիմը, եւ Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետեւից։


«Հրապարակը» գրում է․ Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել եւ չհանձնել մանդատը։ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել: Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել եւ միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ստացել է նվեր՝ տղամարդու հագուստի թեւքածալի վրա տեղադրվող ճարմանդ՝ 3 զույգ, 925 հարգի արծաթից, քարերով։ Քարերը՝ սաթ, օնիքս։ Զարդի արժեքը կազմել է 74 հազար 577 դրամ։


Տեղեկացնենք, որ եթե նշված օրենքի 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։ Ուշագրավն այն է, որ մարզպետ Մովսիսյանը օրերս իր հարցազրույցում հրապարակավ կասկածի տակ է դրել իրավապահների գործողությունները։ Երեկ, երբ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին ոստիկանները թմրանյութի օգտագործման կասկածանքով բերման էին ենթարկել, մարզպետը հայտարարեց, թե վստահ է, որ այս միջադեպը կապված է իր օգնականի ու համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ Արագածոտնի մարզային վարչության պետի միջեւ առկա լարված փոխհարաբերությունների հետ։


Նշենք, որ Արագածոտնի մարզային վարչության պետը Վարդան Խաչատուրյանն է, իսկ ահա Աշտարակի բաժնի պետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը, որը երեկ՝ դեպքից հետո, ազատվեց պաշտոնից։ Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն»:


«Հրապարակը» գրում է․ԿԳՄՍՆ ենթակայության տակ գործող Նոյեմբերյանի պետական քոլեջում դասասենյակները ջեռուցվում են փայտով` ժանգոտած սովետական վառարաններով, ծակ խողովակներով։ Մինչ իշխանությունը 24/7 ռեժիմով խոսում է կրթվելու մասին, ակադեմիական քաղաք կառուցում, կրթության բարեփոխումներ հռչակում, սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է` դասասենյակները տաքացնում են՝ ինչպես 19-րդ դարում։ Լավ կլիներ, որ կառավարական առանձնատներում իր հանդիպումներին կարճաթեւ, բարակ զգեստներով նստած, կրթությունից ճառեր ասող տիկին Աննան այցելեր Նոյեմբերյանի պետական քոլեջ, որտեղ կրթությունը բոլորովին էլ «նորաձեւ» չէ, այլ նախնադարյան է: Հետո գար` ամուսնուն պատմեր այդ մասին եւ ստիպեր, որ քաղաքակիրթ պայմաններ ապահովեն կրթվել ցանկացող նոյեմբերյանցի պատանիների համար: Տաք եւ բարեկեցիկ կացարաններում` պետական միջոցների հաշվին, քաղքենի փիառ հավաքների փոխարեն դրանով շատ ավելի մեծ օգուտ տված կլիներ:


«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել Ղազախստանի Հանրապետությունում ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին գրանցված «Գեֆեստ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի բաժնետերերն են Ղազախստանի Հանրապետությունում դարձյալ վերջերս՝ հոկտեմբերի 17-ին ստեղծված «CUPRUM MINERALS MANAGEMENT» ՍՊԸ-ն և Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը: Իր հերթին «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն ունի երկու բաժնետեր` Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, պետական պաշտոնյա Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը և նույն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը:


«Փաստ» թերթին թեմայի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսայինովի թե՛ փորձառությունը, թե՛ ֆինանսական կարողությունները և թե՛ տնտեսական շահը 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող Թեղուտի նման հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար, և կան կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում, ուստի նրանց հետ կապված մանրամասն վերլուծությունը ոչ հասցեական կլինի, և կարիք չկա այս անձանց խորությամբ անդրադառնալ: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ կփոխանցենք, սակայն քիչ ավելի հետո:


Ավելի հետաքրքիր են բուն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության «բաղադրությունն» ու այդ ընկերության տնօրենի անձը: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները բավականին ուշագրավ եզրահանգումների են բերում և լույս սփռում նորաստեղծ այդ ընկերության անփորձ բաժնետերերի՝ Թեղուտի հանքի նկատմամբ նման անսահման «սիրո» վրա:


Այսպես, «Գեֆեստ Մայնինգ» ընկերության տնօրենն է 1991 թվականին ծնված Դմիտրի Դմիտրիևիչ Բեցալը, որը բավականին հետաքրքիր աշխատանքային փորձ ունի: Պարոն Բեցալը 18.07.2022 թ.-ից մինչև 24.11.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ" ընկերության գլխավոր տնօրենը, 19.05.2022 թ. -ից մինչև 19.04.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ" ընկերության գլխավոր տնօրենը, իսկ 13.07.2022 թ.-ից մինչև 28.02.2024 թ.` դարձյալ ՌԴ-ում գրանցված ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության գլխավոր տնօրենը: Եթե առաջին երկու ընկերությունների վերջնական շահառուն բացահայտելը մեծ դժվարություն չէր ներկայացնում, որին կանդրադառնանք սույն հոդվածում, ապա ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության վերջնական շահառուի բացահայտման փորձերն ակռկում են նիդերլանդական ЗИЛМЕТА Б.В. ընկերությանը, որի բաժնետերերի բացահայտման համար «Փաստը» լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացնում:


Թե՛ ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ"-ը և թե՛ ООО " СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ"-ն հանդիսանում են ներկայումս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցների ցանկում գտնվող ՌԴ քաղաքացի Վլադիսլավ Վլադիմիրովիչ Սվիբլովի ընկերությունները, որոնցում պարոն Սվիբլովը անուղղակի վերջնական շահառու է՝ մեկ այլ ռուսական՝ ООО "ДВ ХОЛДИНГ" ընկերության 100 % բաժնեմասնակցությամբ միջնորդավորված:  


EU Reporter-ը, Forbes ամսագիրը և բազմաթիվ այդ լրատվամիջոցներ հետաքրքիր մանրամասներ են հայտնում Սվիդլոբի գործարքների, մասնավորաբար ՌԴ-ում 1,5 միլիարդ դոլար արժողությամբ մի շարք հանքարդյունաբերական ակտիվներ ձեռք բերելու, երեք տարուց պակաս ժամանակում տարեկան ավելի քան 16 տոննա ոսկի արդյունահանող ընկերությունների նկատմամբ վերահսկողություն է ձեռք բերելու և այլ ուշագրավ գործարքների ու «կապերի» առումով: Զուտ թերթային ֆորմատից ու հոդվածի չափից ելնելով՝ այդքան տեղեկությունը փոխանցել չենք կարող: Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ հրապարակումներին:  


Այժմ փորձենք առավել մանրամասն ներկայացնել «Գեֆեստ Մայնինգ» ՍՊԸ-ն և դրա հետ փոխկապակցված անձանց: Ընկերությունը գրանցված է Ալմաթի քաղաքում՝ Մեդեուսկիի շրջան, Ելեբակովայի փողոց, տուն 10 հասցեում: Հետաքրքրական է, որ նույն հասցեում գրանցված են բազմաթիվ՝ մի քանի տասնյակից ավելի ընկերություններ, որոնց մի մասն այս կամ այն կերպով ուղղակի կամ միջնորդավորված առնչություն ունեն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության և փոխկապակցված այլ ընկերությունների հետ:  


«Գեֆեստ Մայնինգը» գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ որպես փոքր ձեռնարկություն: Պետական ռեգիստրում որպես գործունեության ոլորտ և տիպ նշվել է՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090), ընդ որում նշելով, որ աշխատակիցների քանակը կազմում է 51 – 100 մարդ, սակայն ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 15308 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 12000 ՀՀ դրամ):


«Գեֆեստ Մայնինգի» բաժնետեր «Cuprum Minerals Management» ՍՊԸ-ն գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն հասցեում՝ որպես փոքր ձեռնարկություն 5-10 աշխատակցով: Պետական ռեգիստրում գործունեության ոլորտ և տիպ նշվել է նույն՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090): Ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 9378 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 7100 ՀՀ դրամ): 


Միաժամանակ, թե՛ «Գեֆեստ Մայնինգի», թե՛ «Cuprum Minerals Management»-ի բաժնետեր հանդիսացող Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինի մասին Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռեեստրներում տեղեկատվությունն աղքատիկ է: 1989 թվականին ծնված Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը ՌԴ Տյումենի մարզի հարկային ծառայության կողմից տրված 720305756604 հարկային կոդի ներքո 08.12.2011 թ.-ից մինչ 25.09.2014 թ. հանդիսացել է ООО "КСАНАД" ընկերության տնօրեն, իսկ մինչև 25.09.2014 թ.՝ նաև հիմնադիր-բաժնետեր: ООО "КСАНАД" ընկերությունը, համաձայն ռեեստրի գրանցման, զբաղվել է «Այլ խմբերում չներառված ոչ պարենային ապրանքների մասնագիտացված մանրածախ առևտրով»: Իսկ Ղազախստանի Հանրապետությունում պարոն Ուտկինը (հարկային կոդ 890701399013) հանդիսանում է նաև նույն հասցեում գրանցված ТОО "РЛС МАЙНИНГ" ընկերության հիմնադիր բաժնետեր և միաժամանակ տնօրեն. այս ընկերության մյուս բաժնետերը նույն հասցեում գրանցված ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունն է, որի տնօրենը մեզ արդեն քաջածանոթ պարոն Բեցալն է: ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունը շատ հետաքրքիր կառույց է, որն առանցքային դեր ունի այս բարդ սարդոստայնում, որի մասին ստորև մենք մանրամասն կանդրադառնանք:


 «Cuprum Minerals Management» ՍՊԸ-ի մյուս բաժնետեր, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի և պետական պաշտոնյա պարոն Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը հանքարդյունաբերության հետ երբևէ որևէ կապ չի ունեցել, բացի Ղազախստանում կազմակերպված հանքարդյունաբերական թեմաներով կոնֆերանսներին մասնակցելուց: Պարոն Կուսայինովը ներկայում զբաղեցնում է պետական ծառայողի պաշտոն Ղազախստանի Հանրապետությունում, 2010 թ. հոկտեմբերից մինչև 2011 թ. ապրիլ եղել է Ղազախստանի զարգացման բանկի խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 2011-ի ապրիլից մինչև 2013-ի նոյեմբեր՝ Ղազախստանի զարգացման բանկի խորհրդի նախագահ, 2014 թ. հունվարից մինչև 2015-ի հուլիս՝ Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի տեղակալ, 2016-ի հունվարից հանդիսանում է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի աշխատակազմի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 15.02.2016-ից՝ համատեղությամբ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ: Պարոն Կուսայինովը տարբեր հանրային հասարակական կազմակերպությունների հետ փոխկապակցված անձնավորություն է, սակայն «Փաստի» ուշադրությունը գրավել է վերջինիս բաժնեմասնակցությունը ՂՀ-ում գրանցված ТОО "CNRG CAPITAL" ընկերությունում, որտեղ պարոն Կուսայինովը համաբաժնետեր է ՂՀ քաղաքացի պարոն Տիմուր Բեկետովիչ Իսաևի հետ: Իր հերթին պարոն Իսաևը նախկինում՝ խոշոր, իսկ հիմա՝ փոքր բաժնետեր է «Ուլմուս Բեսշոկի» ("ULMUS BESSHOKY") ԲԲԸ պղնձի հանքերևակման հետախուզությամբ զբաղվող ընկերությունում: Իսկ ո՞վ է «Ուլմուս Բեսշոկի» ԲԲԸ հիմա արդեն խոշորագույն՝ 60 %-ոց բաժնետերը: Ճիշտ է՝ ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունն է՝ մեզ արդեն քաջածանոթ պարոն Բեցալի տնօրինությամբ, որն, ի դեպ, գրանցված է հենց «Գեֆեստ Մայնինգի» նույն հասցեում:  


ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերության իրական շահառուները չեն բացահայտվում, քանի որ դրանք քողարկված են օֆշորային ընկերությունների հետևում (G.R.A. Investments LLC), սակայն ղազախական լրատվամիջոցները գրում են , որ «Ուլմուս Բեսշոկի» ԲԲԸ բաժնետոմսերի գնման ժամանակ ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունը ներկայացված է եղել Սերբիայի քաղաքացի Վլադիմիր Դելիչի կողմից, որը Սերբիայի Հանրապետությունում հետաքրքիր հիշողություններ է թողել Սերբիայի իրավապահ մարմինների հետ շփումներում և հարուստ լրագրողական նյութերի «հերոս» է հանդիսանում Հետաքննող լրագրողների միջազգային կառույցի` OCCRP-ի հոդվածներում:  


Հետաքրքրական է ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերության աշխատակիցների վերլուծությունը LinkedIn հարթակում. այստեղ ակնհայտ երևում է պարոն Սվիբլովի ռուսաստանյան ընկերություններից մասնագետների «արտագաղթը» դեպի ղազախական ենթակառույցներ: Իհարկե, պետք է «դրվատանքի» խոսքեր ասել պարոն Սվիբլովի թիմին արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար շախմատային քայլերով հարուստ և ծախսատար նման քողարկման միջոցառումների կազմակերպման համար, սակայն տարբեր երկրների հետաքննող լրագրողների աշխատանքն, ի վերջո, «ջուրն է լցնում» արված «տիտանական աշխատանքը»...