Դավիթ Խուդաթյանը Գյումրիի համայնքապետարանում ներկայացրել է Սարիկ Մինասյանին
Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։
«Նախ շնորհավորել եմ պարոն Մինասյանին, ընդգծել, որ փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է։
Վստահություն եմ հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ առաջիկա ամիսներին շոշափելի դրական փոփոխություններ կարձանագրվեն Գյումրի քաղաքում։
Թիմային աշխատանքի արդյունքում Գյումրիում ավելի լավ ժամանակներ են լինելու»,- ասված է գրառման մեջ։
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ ծանոթ է քաղաքի խնդիրներին և շատ արագ քաղաքի կառավարումը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից։