Լարված իրավիճակ Երևանի «Գումի» շուկայում. մսավաճառներին բերման են ենթարկում
Երևանի «Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Ոստիկանները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ շուկայում են և փորձում են առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա:
Մսավաճառներից մեկն ասաց, որ իր իրենից առգրավել են ամբողջ միսը ու տարել այրելու։
Մյուսն էլ հավելեց, որ ինքն ապրում է Շիրակի մարզում, այնտեղ մորթ իրականացնելու պայմաններ չունեն։
Առևտրական տղամարդկանցից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց։ «Ավելի լավ ա` ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տանեն»,-ասաց նա։
Երբ ոստիկանները սկսեցին մոտենալ մսավաճառների խանութներին, բախումներ սկսվեցին ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել մսավաճառներին։
ՍԱՏՄ ներկայացուցիչը նշեց՝ ՀՀ տարածքում վերահսկողություն է իրականացվում իրացվող մսի նկատմամբ, զգուշացրել են քաղաքացիներին, ցավում են, որ չեն պահպանել կանոնները։
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արդեն 1 տարի է` մեր երկրում արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։