Դեկտեմբերի 11-ին Երեւանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Քննարկումներին հեռավար ձեւաչափով մասնակցել են նաեւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը, Թուրքիայի, Ալբանիայի եւ Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ելույթը՝ այստեղ:
Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ:
Այնուհետեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը:
Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է:
«Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների եւ ներմուծումների, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին եւ կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը եւ հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաեւ տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների եւ ներմուծման ծախսերի կրճատմանը: Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր:
Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա:
«Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն եւ փակ սահմաններ մեր հարեւանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը:
Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար: «Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաեւ համագործակցությունը, չափազանց կարեւոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարեւոր են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները:
Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարեւորել են սեւծովյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը: Սահմանների բացումն արժեւորվել է առեւտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով:
Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձեւաչափով, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարեւորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը:
Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարեւորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը:
Այնուհետեւ օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների եւ միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաեւ «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը: Քննարկվել են նաեւ ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները:
Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների եւ խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետեւանքով ի հայտ եկած մի շարք բացասական երեւույթներին եւ դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարեւորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին: