Փաշինյանը քննադատել է կառավարական շենքերում էներգառեսուրսների անարդյունավետ օգտագործումը
Ֆոտո` primeminister.am
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական միջոցների, մասնավորապես՝ կառավարական շենքերի ջեռուցման և լուսավորության անարդյունավետ օգտագործման հարցը։ Վարչապետի խոսքով՝ կառավարական նստավայրերում, չնայած գործող գազային ջեռուցմանը, սենյակները մնում են սառը, ինչը ստիպում է օգտագործել լրացուցիչ էլեկտրական ջեռուցիչներ։
«Կարող ենք մրսել մեկ, երկու, երեք, չորս, հինգ անգամ, բայց վեցերորդ անգամ ասում ենք՝ եկեք տաքացուցիչ միացնենք, որ չմրսենք։ Գազը վառվում է, բայց չի տաքանում, ստիպված տաքացուցիչն ենք միացնում։ Եվ ո՞վ է վճարում դրա համար։ Պետական բյուջեն, որովհետև անձնական բյուջեն չի էլ կարող վճարել այդ ծախսերը», - նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև ուշադրություն է դարձրել այն փաստին, որ մի քանի ամիս առաջ հայտնաբերել է վառված ջահեր կառավարական դահլիճներում, որտեղ ոչ մի միջոցառում չէր անցկացվում։ Նրա դիտողությունից հետո այս պրակտիկան դադարեցվել է, սակայն վարչապետը մտահոգություն է հայտնել, թե նախորդ տարիների ընթացքում որքան էլեկտրաէներգիա է անիմաստ վատնվել։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման նման հազարավոր դեպքեր կան, և պետական բյուջեն չի ընկալվում որպես ընտանեկան բյուջե։ Առանձին քննադատության են արժանացել պետական փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք, վարչապետի կարծիքով, իրականացնում են անհիմն ծախսեր՝ տարեվերջին պետական շահաբաժիններ չվճարելու համար։