12.12.2024
Տեղի է ունեցել COP 17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեի 1-ին նիստը
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով մեկնել են Կոպենհագեն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի 2-6-ը եղել են Կոպենհագենում: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում:

Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը:

Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության համապատասխան լիազորություններն ու աշխատանքային հիմնական ուղղությունները՝ քննարկելով առկա մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքային կարևոր ուղղությունները և իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության գործունեությունը մարդու իրավունքների կրթության և խտրականության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում, մարզային ստորաբաժանումների գործունեության առանցքային նշանակությունը, իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և իրականացվող գործունեությունը, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախանշվող առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել դանիական առաջատար հաստատությունների և փորձագետների հետ:

ՄԻՊ պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիական Հավասարության Խորհրդի ներկայացուցչի (Ligebehandlingsnævnet) հետ՝ ծանոթանալով Դանիայի մոտեցումներին՝ հավասարության խթանման և խտրականության կանխարգելման ուղղությամբ: Դանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության բաժնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի հաստատության միջազգային ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները:

Այցի կարևորագույն հանդիպումներից էր Դանիական Խորհրդարանական օմբուդսմանի հետ հանդիպումը, որի ընթացքում Օմբուդսմանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը ներկայացրել է օմբուդսմանի լիազորություններն ու հիմնական աշխատանքային ուղղությունները, շեշտելով հաշվետվողականության և թափանցիկության կարևորությունը:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամ և ավագ հետազոտող Փիթեր Վեդել Կեսինգը իր հերթին մանրամասն ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Հայաստանի կողմից ներկայացված զեկույցի ուսումնասիրությունը:

Այցը եզրափակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև ռազմավարական հարցերի շուրջ քննարկումով, ինչի արդյունքում հստակեցվել են համագործակցության հետագա ուղիները և համատեղ միջոցառումները 2025 թվականի համար:

Երկու հաստատությունների միջև սկսված սերտ համագործակցությունը շարունակվելու է՝ ներառելով նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր: