Երևան–Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից
MediaHub–ն այսօր ահազանգ ստացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանում տաբլոյի վրա գրված է, որ ժամը 17.00-ին կիրականացվի չվերթ դեպի Բաքու։ Անգամ gate-ի համարն է նշված՝ Երևան–Բաքու չվերթ, gate 2–ից։
«Զվարթնոց» օդանավակայանի կայքի չվացուցակում որևէ թռիչք դեպի Բաքու նշված չէ։ «Քաղաքացիական ավիացիայից»տեղեկացրեցին, որ դեպի Բաքու ոչ մի քաղաքացիական չվերթ չկա նախատեսված։
MediaHub-ը կապ հաստատեց նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատուի հետ, որը հաստատեց՝ նման չվերթ կա։ «Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանեց նա:
Մեր հաջորդ հարցին՝ սա առաջին այդպիսի չարտերային չվե՞րթն է դեպի Բաքու, թե՞ նախկինում էլ եղել են, ստացվեց հետևյալ պատասխանը. "Այո, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրած չարտերային չվերթեր դեպի Բաքու և Բաքվից Երևան իրականացվել են":