Կառավարությունը մրցույթի է հանել լքված անշարժ գույքը՝ զբոսաշրջության զարգացման նպատակով
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Արագածոտնի և Տավուշի մարզերում գտնվող երկու խոշոր պետական անշարժ գույքի մասնավորեցման վերաբերյալ: Այս օբյեկտների իրացումը մրցույթի միջոցով միտված է դրանց վերականգնմանը և երկրի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը:
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում վաճառքի է հանվել 4077,4 քառակուսի մետր մակերեսով դպրոցի շենքը՝ հարակից 2,5 հեկտար հողատարածքով: 1988 թվականին կառուցված շենքն ունի 50 տոկոս ավարտվածության աստիճան և, ըստ «Ստեպռոեկտ» ընկերության եզրակացության, գտնվում է 4-րդ աստիճանի վթարային վիճակում:
Օբյեկտը չի շահագործվել ավելի քան 30 տարի և մասնակի քանդման կարիք ունի: Մրցույթին մասնակցելու համար նախնական վճարը կազմում է 15,3 մլն դրամ:
Երկրորդ օբյեկտը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Մյասնիկյան փողոց 4 հասցեում: Այն ներառում է 2276,8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինություններ և 2,46 հեկտար հողատարածք: Օբյեկտի կադաստրային արժեքը կազմում է 370,4 մլն դրամ:
1960-ական թվականներին կառուցված շենքերը չեն օգտագործվել ավելի քան 20 տարի և նույնպես մասնակի վերակառուցման կարիք ունեն: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 31,4 մլն դրամ նախնական վճար: