«Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» նախագիծը հյուրընկալվել է «ՄԻՌ» հիմնադրամում
Դեկտեմբերի 3-ին՝ «ՄԻՌ» հումանիտար հիմնադրամում, տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության հետ։ Նրանք ներկայացնում էին «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» միջազգային նախագիծը, որն իրականացնում է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը։ Պատվիրակության կազմում էին՝ Յուլյա Կարմանովան, ինստիտուտի լրացուցիչ կրթության և միջոցառումների կազմակերպման վարչության ղեկավարի տեղակալը, Եվգենյա Ալեքսանդրովնա Ռյաբովան՝ երիտասարդական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետը, ինչպես նաև ծրագրի կամավորները։
Հանդիպման ընթացքում «ՄԻՌ» հիմնադրամի տնօրեն Արման Ղուկասյանը կարևորեց կրթական նախաձեռնությունները, որոնք միտված են հայ-ռուսական հումանիտար համագործակցության ամրապնդմանը։ Նա նշեց, որ ռուսերեն լեզվի և մշակույթի «ՄԻՌ» կենտրոնները, որոնք ստեղծվել են «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ, իրենց գործունենությունը սկսել են 2023 թվականի հունիսի 5-ին։ Այսօր կենտրոնները գործում են Արենի, Գանձակ համայնքներում և Սևան քաղաքում։ Դրանց հիմնական նպատակը ոչ միայն ռուսերեն լեզվի ուսուցումն է, այլև բազմաֆունկցիոնալ հարթակների ստեղծումը, որտեղ պատանիներն ու երիտասարդները կարող են խորացնել իրենց գիտելիքները հայ-ռուսական պատմության, մշակույթի, արվեստի և ժառանգության վերաբերյալ։ Յուրաքանչյուր կենտրոն ունի իր թեմատիկ ուղղվածությունը՝ «Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։ Կենտրոնները մեկ ու կես տարվա գործունեության ընթացքում իսկապես դարձել են մշակութային կենտրոններ այն մարզերում, որտեղ գործում են։
Հյուրերն ընդգծեցին, որ «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» նախագիծը միջազգային կամավորական ծրագիր է, որի մասնակիցները (ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ մասնագետներ՝ 18-35 տարեկան) կիրառելով խաղային և ինտերակտիվ մեթոդներ՝ նպաստում են ռուսերեն լեզվի, գրականության և մշակույթի տարածմանը տարբեր երկրների դպրոցականների և ուսանողների շրջանում։ Բացի այդ, նրանք նպաստում են գրագիտության մակարդակի բարձրացմանը և գրականության հանրահռչակմանը ռուս երեխաների և երիտասարդության շրջանում։ 2015 թվականից իրականացվող այս ծրագիրը հումանիտար կամավորության նոր ձևաչափ է, որը նպաստում է միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը՝ ուղղված ռուսաց լեզվի, ռուսական կրթության և գիտության առաջխաղացմանը։ Այն իրականացվում է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության, «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի, Նախագահական դրամաշնորհների հիմնադրամի և Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի աջակցությամբ։
Քննարկումների ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն առաջիկա օրերին դասընթացներ անցկացնել Գանձակի և Սևանի ռուսաց լեզվի «ՄԻՌ» կենտրոններում՝ «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» նախագծի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։ Այս միջոցառումները կարևոր քայլ են կրթական համագործակցության զարգացման և երկու երկրների միջև մշակութային կապերի խորացման գործում։