Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները
ԿԳՄՍ Նախարարությունից հայտնում են՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:
Նշվել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթաց, որն իրականացվում է Ուրուգվայի կառավարության հովանավորությամբ՝ օտար լեզուների ուսուցման խթանման ռազմավարության շրջանակում: Մասնավորապես՝ ՀԲԸՄ-ի և Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի համատեղ ջանքերով մշակվել և փորձարկվել է հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման դասագիրք, որը կիրառվում է նաև Ուրուգվայի ոչ հայկական դպրոցներում: Այս նպատակով կողմերը քննարկել են ուսուցիչների կարողությունների զարգացման, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Ուրուգվայի հայկական համայնքի ներուժը՝ բազմամյա հարաբերությունների հաստատման և ավանդույթների պահպանման համատեքստում։
Ալդո Ռոդրիգեսը տեղեկացրել է՝ Ուրուգվայի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում անցկացվել է էսսեների մրցույթ, որում հաղթող է ճանաչվել 17-ամյա Ռոմինա Ֆախարդոյի հեղինակած «Ճանաչման և լռության միջև» էսսեն: Այն օրերս ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Հայոց ցեղասպանության թեմայի կրթական հեռանկարները» խորագիրը կրող միջոցառման շրջանակում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲԸՄ-ի Ուրուգվայի մասնաճյուղի և Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար անգլերենի ուսուցման առցանց ծրագրին, որը բավական մեծ հաջողություններ է ունեցել: Քննարկվել է ծրագիրը նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում տեղայնացնելու հնարավորությունը:
Հայաստան այցի շրջանակում Ուրուգվայից ժամանած պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենալու նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի հետ՝ քննարկելու համագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: