Նալբանդյան. Հայաստանը հիացած չէ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումից
Հայաստանին դուր չի գալիս այն, որ Ադրվբեջանը զենք է ձեռք բերում Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իհարկե, Հայաստանը հիացած չէ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումից: Ռուսաստանը ՀՀ դաշնակիցն է, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է նա:
Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն բանակցում է Մոսկվայի հետ նոր զինատեսակների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանության նոր համակարգերով:
Նալբանդյանի խոսքով, նման պայմաններում Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռության համար:
«Բայց այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ հրահրել, Հայաստանը չէ, որ գոռոզանում է իր ռազմական բյուջեի թվերով և գնվող զինատեսակներով, և Հայաստանը չէ, որ մի շարք նորմեր է խախտում: Ինչին է այս ամենը հանգեցնում մենք ականատեսը եղանք անցած տարվա ապրիլին: Բնականաբար, նման պայմաններում մենք ստիպված են ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար, որպեսզի թույլ չտանք նոր պատերազմի և նոր էսկալացիայի»,- հայտարարել է Նալբանդյանը:
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը ենթադրում է Ստեփանակերտի անմիջական մասնակցություն բանակցություններին: Նա նշել է, որ տարածաշրջան այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում:
«Լեռնային Ղարաբաղը իսկապես ներգրավված է բանակցային գործընթացներում, բայց այս փուլում ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն չկան ուղղակի բանակցություններ ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև՝ վերջինիս չցանկանալու պատճառով», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
«Առանց Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումը հնարավոր չէ: Դա հոյակապ հասկանում և այդ մասին խոսում են նաև միջնորդները: Ադրբեջանական կողմը ուղղակի ցույց է տալիս, թե չի հասկանում դա, թաքցնելով գլուխը ավազների մեձ, թեև աշխատանքային բոլոր փաստաթղթերում, որոնք քննարկվել են վերջին տարիներին, ամրագրված է ղարաբաղյան կողմի մասնակցությունը հակամարտության համապարփակ կարգավորման մշակման գործընթացում», - հավելել է ՀՀ ԱԳ նախարարը: