Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի․ Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արտգործնախարարները կանդրադառնան Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային հարցերի։
«Ֆինլանդիան ու Հայաստանը երկկողմ լավ հարաբերություններ ունեն։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը հնարավորություն կտա քննարկել համագործակցության սերտացումը։ Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ջանքերին և խրախուսում է երկրին՝ շարունակել ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։
Ֆինլանդիա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի, խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-Ահոյի և Եվրոպական հարցերի և սեփականության հարցերով նախարար Յոակիմ Ստրենդի հետ։