Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել. Խամոյան
Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
"Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։
Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ",- գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, Գեղամ Նազարյանը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց լուսանկար Վիետնամ կատարած այցից, որի շրջանակում նա լուսանկարվել էր նավի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատվիրակության մյուս ՔՊ-ականների հետ միասին: