27.11.2024
Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան
prev Նախորդ նորություն

Նիկոլը խելացի է մտածել. ի՞նչ սպասել Գյումրիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ:


Նա նշեց, որ ըստ մասնագետների՝ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում՝ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինքը պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի:


Ըստ այդմ, տեղեկացրեց Փաշինյանը, Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել փրայմըրիզ։


«Իմաստը նրանում է, որ կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացնենք քվեարկություն, դրանց արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում։ Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-9-10-ին»,- տեղեկացրեց Փաշինյանը:


Ու քանի որ երեկվանից այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ այսպիսով ՔՊ-ն, փաստացի, փորձում է գրավել Գյումրին, ՀՀ էկոնոմիկայի նախարար, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն այսօր հայտարարեց, որ Գյումրիում քաղաքապետի ԺՊ նշանակելու համար պետք է օրենսդրական փոփոխություն անեն:


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, արձագանքելով այս գրառմանը, գրել է.


"Նիկոլն այդ ընտրությունները գցում է գյումրեցիների գրպանը. ասում է՝ դուք ընտրեք, ես ԺՊ նշանակեմ, հետո թող գնա ընդհանուր քաղաքական ընտրության:

Հաղթողն էլ եք դուք լինելու, պարտվողն էլ, գոհն էլ, դժգոհն էլ:

Մինչդեռ ԺՊ նշանակելու ընտրությունը վերջնական ընտրության նախնական տեստն է լինելու, որից արդեն իրենք եզրակացություն կանեն ու կհասկանան, թե ինչ ուղղությամբ գնան:

Ի դեպ, խելացի են մտածել":


Հիշեցնենք, ավելի վաղ ՔՊ-ն հայտարարել էր, որ Գյումրիում քաղաքապետի իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: Այնուհետ եղավ նարկոթեստերի հետ կապված սկանդալը, երբ ՔՊ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ մամուլի, հրահանգել էր իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ գնալ և հանձնել նարկոթեստ: Մամուլի տեղեկություններով՝ այն դրական էր: Եվ ինչպես պարզվեց հետո հենց Կարեն Սարուխանյանի գրառումից՝ այս տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը, քանզի Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց թեստը.


"Կից տեղադրում եմ թեստի արդյունքը, որով ներկայացնում եմ 20 նյութի վերաբերյալ տվյալներ, որոնցից 19-ը բացակայում են ինձ մոտ, իսկ 1-ը` բարբիտուրատները, կարող են հանդիպել շատերի մոտ, ովքեր երբեմն լավ քնի համար կամ որպես հանգստացնող օգտագործում են կորվալոլ կամ վալոկարդին, քանի որ դրանց բաղադրության մեջ կա բարբիտուրատների շարքի նյութ՝ ֆենոբարբիտալ",- գրել էր նա:


Այսպիսով, առաջիկայում Հայաստանի երկրորդ քաղաքում բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում: