15.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին
prev Նախորդ նորություն

Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր:


Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել միջազգային աշխատանքային օրակարգի ձևավորմանը:


Զրույցի ընթացքում նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը, 1992թ.-ից հանդիսանալով Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ, մշտապես սերտ համագործակցում է ԱՄԿ Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գրասենյակի, ինչպես նաև Ժնևում տեղակայված ԱՄԿ կենտրոնակայանի հետ։


Ժիլբեր Ունգբոն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ և նշել, որ ԱՄԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի զարգացման ծրագրերին՝ մասնավորապես աշխատանքի մշտական և արժանապատիվ պայմանների ապահովման գործում:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև արհմիութենական համագործակցության կարևորությանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ արհմիություններն ունեն կարևոր դեր ներգրավվածության և աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում, և Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը, որը նպաստում է սոցիալական երկխոսությանը և աշխատանքային պայմանների բարելավմանը:


Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2018թ.-ից ի վեր մեկնարկել են մի շարք բարեփոխումներ, որոնք համահունչ են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Գենդերային հավասարության, սոցիալական պաշտպանության, աջակցության, հանրային ծառայությունների հասանելիության, կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների երաշխավորման համատեքստում վավերացվել են մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ միջազգային իրավական ակտեր։


Հանրապետության նախագահը կարևորել է նաև մեր երկրի միացումը «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային»՝ իր նպաստը և մասնակցությունը բերելով Կայուն զարգացման նպատակների և «Արժանապատիվ աշխատանք» օրակարգի խթանման միջազգային գործընկերության հարթակին:


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են հնարավոր ջանքերը գործադրել ակտիվ համագործակցության հետագա խթանման և ընդլայնման ուղղությամբ:

Դատարանը որոշել է Օհանյանին, Խաչատուրովին և Քոչարյանին բերման ենթարկել
Հաջորդ նորություն next
 Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
15.11.2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել