Կառավարությունը 248 մլն դրամ կհատկացնի չորս մարզերում հրատապ ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 6 հրատապ ծրագրերի իրականացման համար 248 միլիոն դրամ հատկացնելու որոշմանը։
Ինչպես հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, միջոցների վերաբաշխման ներկայացված փաթեթը ներառում է հետևյալ ֆինանսավորումը․ Լոռու մարզին կհատկացվի 18,97 մլն դրամ, Շիրակի մարզին՝ շուրջ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ, իսկ Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 մլն դրամ։
Նախարարի խոսքով՝ ծրագրերի հրատապությունը պայմանավորված է մարզերի անհետաձգելի կարիքներով։
Մասնավորապես, միջոցները կուղղվեն Լոռու մարզի Ալավերդու շրջանի Քարկոփ բնակավայրի՝ ջրհեղեղից տուժած դպրոցի շինարարական աշխատանքների, ինչպես նաև Սևանի կոյուղու վերանորոգման և այլ կարևոր ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման համար։