Քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ Կառավարությունը թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին:
Թեկնածուն երկար տարիներ աշխատել է էներգետիկայի ոլորտում, մասնագիտությամբ ճարտարագետ ջերմաէներգետիկ է: Նրա կենսագրությունը , անցած բազմափորձ աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Թեկնածուն լավ ծանոթ է այս ոլորտին, ունի անհրաժեշտ հմտություններ, փորձ, կարողություններ, գիտելիքներ, որպեսզի բարձր պատասխանատվությամբ իրականացնի այն գործառույթները, որոնք դրված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջ: Իհարկե, հանձնաժողովի աշխատանքը բարդ է, բայց պետության կողմից հստակեցվել են ոլորտում վարվող քաղաքականությունները, սակագնային եւ այլ ուղղություններով օրենսդրական կարգավորումները եւ հիմնական խաղի կանոնները, իրավական դաշտը: Կարծում ենք` Մեսրոպ Մեսրոպյանի մասնագիտական գիտելիքներն ու փորձը բավարար են, որպեսզի նա կարողանա այս նշված կարեւոր ոլորտում աշխատանքն արդյունավետ իրականացնել»,- ասել է Գնել Սանոսյանը:
Ելույթ ունենալով` Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին եւ Կառավարությանն իր թեկնածությունն առաջադրելու համար` նշելով, որ ընտրվելու պարագայում իր ամբողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու եւ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար: Թեկնածուն հաջորդիվ ներկայացրել է իր տեսլականը` հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի վերաբերյալ:
Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հարցի քննարկումը շարունակվում է, ելույթ են ունենում ԱԺ պատգամավորները: