15.11.2024
Քրեական պատասխանատվություն՝ Փաշինյանին քննադատելու համար. սա է խոսքի ազատությունը ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

Երկիրը հանձնող անդարդ բրիգադը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է. Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում: Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից: Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան: Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին «կանչվել» է նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստին՝ բացատրություններ տալու իր հրահրած ներքին խարդավանքների համար: Թեեւ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հերքում կամ կիսատ, վախվորած ձևակերպումներով են հաստատում իրենց ներթիմային տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, դրանք ավելի են խորանում, և «ծեր աղվես» որակմանն արժանացած տարեց ՔՊ-ական բեղերով պատգամավորը շարունակում է ինտրիգներ հյուսել թիմի ներսում:


«Ժողովուրդ» օրաթերթն իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ վարչության վերջին նիստի ընթացքում ՔՊ վերնախավը փորձել է պարզաբանել, թե Անդրանիկ Քոչարյանն ինչու է վատաբանում Հրաչյա Հակոբյանին (վարչապետի աներորդուն), Սիսակ Գաբրիելյանին և այդ թևի մյուս ներկայացուցիչներին՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ և՛ Հրաչյա Հակոբյանը և՛ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Անդրանիկ Քոչարյանը պետք է ապացուցի իր ասածները, կա՛մ պետք է պաշտոնազրկվի: Ու քանի դեռ երկուսից որևէ մեկը տեղի չի ունեցել, Գյումրու ընտրությունների կազմակերպչական ու ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստ հանձնելու հրահանգից զատ՝ քննարկվել է նաև Անդրանիկ Քոչարյանի ոչ թիմային վարքագիծը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպեսզի կողմնապահություն չդիտվի, վարչությունն այդ օրը դիրքորոշում չի հայտնել, այլ Նիկոլ Փաշինյանը փորձել է «խրատել» կողմերին և «ամոթանք տալ» անպատասխանատու պահվածքի, հայտարարությունների համար, և հարցը էլի մնացել է առկախված: Այնպես որ, հայտարարված «հրադադար»-ը դեռ վերջնական չէ. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում: Նկատենք, որ 2021 թվականից ՔՊ-ական դարձած Քոչարյանին պաշտպանողների թիվը կուսակցությունում, խմբակցությունում օր օրի պակասում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում մի նոր սկանդալ է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով վարչության նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել։


Այս նիստից ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից:


Բայց շարունակենք ՔՊ վարչության ուշագրավ նիստի մանրամասները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Փաշինյանն ինչ-որ օղակներով տեղեկություն է ստացել, որ Կարեն Սարուխանյանը եւս ինչ-ինչ առնչություն ունի թմրանյութերի հետ. դրա համար էլ Փաշինյանը որոշել է անակնկալ կերպով, իր վստահելի մարդկանց միջոցով ճշտել իրականությունը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրներն են փոխանցում՝ Սարուխանյանը բժշկի ու անվտանգության աշխատակցի հետ գնացել է, եւ ներկաներն այդպես էլ չեն իմացել, թե ինչ արդյունք է գրանցվել՝ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, թե ոչ: Միայն հայտնի է, որ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ Գյումրիում ընտրությունները հետաձգելու ուղղությամբ:


«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի առնչությամբ դիմեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին, ով թեեւ խուսափողական պատասխաններ տվեց, բայց չհերքեց մեր ունեցած բոլոր տեղեկությունները, որոնք իրեն ուղղել էինք հարցի տեսքով: «Ես վարչության փակ նիստից որեւէ տեղեկություն ասելու իրավասություն չունեմ: Չգիտեմ՝ ով է այդ տեղեկությունը տվել, թող հրապարակի, իմանանք, թե ով է փակ նիստից ինֆորմացիա դուրս հանել», – ասաց Սարուխանյանը:


«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՔՊ վարչությունն ինչ որոշում է կայացրել, երբ կլինեն նոր ընտրությունները՝ Կարեն Սարուխանյանը պատասխանեց. «Ինչպես ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է հայտարարել՝ իրավական դաշտում կան բացեր, որոնց ուղղությամբ աշխատանք է տարվում»: Այսինքն, պատգամավորին, որպես ապագա ընտրարշավի նախընտրական ցուցակի առաջին համար, ոչ թե հետաքրքրում է իր կուսակցության հեղինակությունը կամ առնչությունը թմրանյութերին, այլ թե ով է «Ժողովուրդ» օրաթերթին կուսակցության դռնփակ նիստից տեղեկություններ տալիս: ՔՊ-ի միակ անհանգստությունը դա է»:


«Հրապարակը» գրում է․ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի եւ մտերիմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գործուն ջանքերի շնորհիվ, պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը՝ պաշտոնական առաջխաղացման համար, եւ ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ Բադասյանի մտերիմներին, արդարադատության ոլորտում տարբեր պաշտոնների նշանակել։ Մեզ ասացին, որ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ուզում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին ուզում է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով։


Երեկ մեր լրագրողն այս տեղեկությունների վերաբերյալ խորհրդարանում փորձել է հարցեր ուղղել նախարարին: Գալյանը պատասխանել է, որ դեռ որեւէ նշանակում չի արել, բայց չի հերքել առաջիկայում նշանակելու մասին տեղեկությունը։ Հիշեցրել է, որ նախարարը, այսինքն ինքն է որոշում կադրային հարցերը, երբ լինեն նշանակումներ, կիմանանք այդ մասին։ Մեր լրագրողն այլ հարցեր էլ է ցանկացել տալ նորանշանակ նախարարին, սակայն ՊՊԾ աշխատակիցը ճանկռելով ու քաշքշելով լրագրողին՝ խանգարել է, ասելով` չի ուզում քո հարցերին պատասխանել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով փորձում էր ծաղրել «Սրբազան շարժմանը»՝ ասելով. «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է», «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել: Համաձայն 2023 թվականի նրա հայտարարագրի՝ Արուսյակ Ջուլհակյանի հետ համատեղ բնակվում են 2 անձինք, որոնք աշխատում են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս եւ լաբորատորիայի վարիչ. վերջիններս ՔՊ-ական պատգամավորի ծնողներն են։ Պատգամավորը անշարժ գույք եւ տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Սակայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ջուլհակյանն ունի հիփոթեքով բնակարան, որի մայր գումարի մնացորդը կազմել է 25 մլն 933 հազար դրամ: Բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց փողոցում, որի մայր գումարը մարելու համար ՔՊ-ական պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 71 հազար դրամ։


Ջուլհակյանի պարտքային եւ այլ արժեթղթերը կազմել են 20 մլն 10 հազար դրամ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 9 հազար ԱՄՆ դոլարից դարձել են 7 հազար դրամ, այն դեպքում, երբ պատգամավորը որեւէ ծախս սեփական հայտարարագրում չի ներկայացրել։ Նշենք, որ տարվա ընթացքում պետական կամ այլ միջոցներով ամենաշատը ճամփորդած Ջուլհակյանը թեեւ ծախս չի արել 1 տարվա ընթացքում, բայց տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 546 հազար դրամ, որից միայն 10 մլն 480 հազարը ԱԺ աշխատակազմի կողմից տրված աշխատանքի վարձատրություն է։


Եկամտի գրեթե 9 մլն դրամը պարզապես վարկեր են «Արմսվիսբանկ»-ից, «Հայէկոնոմբանկ»-ից եւ «Ինեկոբանկ»-ից։ Անհասկանալի է, թե Արուսյակ Ջուլհակյանը, ով գրեթե իրեն պատկանող ոչ մի գույք չունի, ինչի՞ համար է այսքան վարկեր վերցրել։ Հավելենք նաեւ, որ թեեւ Արուսյակ Ջուլհակյանի հայտարարագրում փաստ չկա, սակայն նա ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի քաղաքացիական կինն է: Իսկ Ավետ Պողոսյանը, ով ազատվեց նախարարի տեղակալի պաշտոնից եւ, լրագրության ոլորտում հեղինակություն չունենալով, ՔՊ պատգամավորների ընտրությամբ դարձավ ՀՌՀ անդամ, տապալել էր մի ողջ տիեզերական զարգացման ռազմավարություն։ Մասնավորապես, Պողոսյանը ձախողել էր հայկական արբանյակի թռիչքի եւ արդյունքների ապահովման գործընթացը, թեեւ հրապարակավ հերքում է դա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ մանկապարտեզների սաների համար նախատեսված նվերների ձեւն ու որակը չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրել էր Աջափնյակ եւ 5 մլն դրամ էլ՝ Արաբկիր վարչական շրջանների ամանորյա միջոցառումների համար։ Բացի դրանից, քաղաքապետարանը «Տարոն Մաթեւոսյան» ԱՁ-ի հետ թվով 5 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 18 մլն դրամ, եւ ձեռք են բերվել ամանորյա քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։ Նվեր-փաթեթները գնվել են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների երեխաների համար։


Նվեր-փաթեթի պարունակությունը, համաձայն տեխնիկական բնութագրի, հետեւյալն է. «2 ուղղանկյունաձեւ շոկոլադե սալիկ, 1 տուփ կարամել՝ սառնաշաքարային՝ ամանորյա թեմատիկ պատկերով, 3 մրգային կարամել ձողիկի վրա, 1 տուփ թխվածքաբլիթ՝ փխրուն կամ բիսկվիթային…» եւ նմանատիպ այլ քաղցրավենիքներ։


Պարունակությունից հասկանում ենք, որ սրանք մեզ դեռ նախորդ դարից հայտնի «կուլոկներն» են։ Այսինքն՝ հին ու բարի ժամանակներից նույն պարունակությամբ քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մանկական՝ «ձմեռ պապի տոպրակները» սովորաբար էժանագին քաղցրավենիք են պարունակում, որոնք չեն փոխվի նաեւ այս տարի»:


«Հրապարակը» գրում է. Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ արագ իջել է Ազգային ժողովի բուֆետ, մի բաժակ մածուն վերցրել ու վերադարձել դահլիճ: Ապա Փաշինյանի ողջ ելույթի ընթացքում կերել է։ Մեր լրագրողը նկատել է, որ այդ տեսարանը չի վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, նա սեւեռուն նայել է Գեղամ Մանուկյանին, բայց ոչինչ չի ասել։ Նիստից հետո Մանուկյանը պարզաբանել է, որ մածունը կերել է, որ կանխի թունավորումը ելույթից։ 


Սովետական տարիներին քիմիական գործարաններում կաթ ու մածուն էին տալիս թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներին․ սա այդ ավանդույթի շարունակությունն է: Անցած երեք օրերին խորհրդարանը քննարկում էր եկող տարվա բյուջեի նախագիծը, որի ընթացքում ՔՊ-ականները, սովորույթի համաձայն, այն վերածեցին նախկինների դեմ ատելության խոսքի շքերթի, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ ու կասկածելի մտքերը շաղ տվեց` «պատմական Հայաստանի», Անկախության հռչակագրի եւ այլ թեմաներով։


«Հրապարակը» գրում է. Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 հազար 571 դեպք, որից 1.323-ը՝ իրացման: Թվերը տրամադրել են ՆԳՆ-ից։ Սակայն իրական շրջանառությունը տասնապատիկ ավելին է: Իրացումը հիմնականում կատարվում է համացանցի, Տելեգրամի միջոցով։ 2023-ի սկզբից մինչեւ մարտ ամիսը թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք էր արձանագրվել, 122-ը` իրացման, 150-ը` պահելու։ Ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, փաստորեն, նախորդ տարվա 4 ամիսների համեմատ աճել են ավելի քան 1000-ով։ Մասնագետներն ահազանգում են՝ աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների եւ կանանց թիվը։


Փետրվարի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ոստիկանության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի եւ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՆԳՆ-ում Վահե Ղազարյանի գլխավորությամբ պարբերաբար կայանում են հանձնաժողովի նիստեր: Սակայն թմրամիջոցները հիմնականում վաճառվում են առցանց հարթակներում, իսկ իրավապահ մարմինները չունեն բավարար տեխնիկական միջոցներ՝ դրա դեմն առնելու համար։


 


 

Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը