7.12.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նախատեսում է արտաքին առևտրի ապրանքների ցանկում ավելացնել 20 նոր ապրանք

Լուսանկարը` enterprisearmenia.am
Լուսանկարը` enterprisearmenia.am

 ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանի արտաքին առևտրի ապրանքների միասնական ցանկում ավելացնել ևս 20 անուն ապրանք, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտությունների և որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։


Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել Հայաստանի ներսում բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների համապատասխան կարգավորումները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշման: Նախագիծը նախատեսում է նաև թարմացնել Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծածկագրերի ցանկը։ 


Նոր կարգավորումը թույլ կտա ներմուծել նյութեր, որոնք հատուկ փաթեթավորված են և նախատեսված են սննդի, ջրի, օդի, և անվտանգության վերահսկման, միջլաբորատոր համեմատության թեստերի, ինչպես նաև գիտական հետազոտությունների նպատակով։ Ապրանքների մի մասը, ինչպես օրինակ՝ ալդրինը, քլորդեկոնը և դիլդրինը, նախատեսված են փոքր քանակությամբ հերմետիկ ամպուլներում ներմուծելու համար՝ լաբորատոր ստուգումների և ստանդարտացման նպատակներով։


Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի անհրաժեշտ իրավական միջավայր, որը հնարավորություն կտա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը արտոնագրել այդ ապրանքների ներմուծումը՝ սահմանված քանակներով, ինչը կնպաստի լաբորատոր հետազոտությունների արդյունավետությանը և ստանդարտացման գործընթացների բարելավմանը։