22.11.2024
«Վրացական երազանքը» կպահի իշխանությունը՝ հակառակ բողոքների. նախկին դեսպան
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը մտադիր է մեկնել Բաքո՞ւ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: Ընդ որում, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների, այդուհանդերձ, արտգործնախարարը կողմ է՝ եթե անգամ չվերադարձնեն, ապա պետք է գնալ եւ այդ հարթակում բարձրաձայնել գերիների վերադարձի մասին։


Ի դեպ, Կազանում հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Ալիեւը նախնական խոստում է տվել, որ կընդառաջի այդ պահանջին: Սրանով է պայմանավորված նաեւ այն, որ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում հայտարարեց, թե առաջիկայում սպասվում է գերիների եւ անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, սակայն ժամկետներ չնշեց։


Ալիեւն իր շահերից ելնելով է գնալու այդ քայլին, քանի որ իրեն պետք է, որ ՀՀ պաշտոնյաներից որեւէ մեկը ոտք դնի Բաքու, որպեսզի կարողանա ջարդուխուրդ անել այն իրողությունը, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում է իրականացրել եւ սպառնալիքներ է կիրառում Հայաստանի հասցեին։ Եթե էթնիկ զտում ենք իրականացրել եւ ուժի դիրքերից ենք խոսում Հայաստանի հետ, ինչպե՞ս է հայ բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Բաքու՝ հայտարարելու են ադրբեջանական քարոզիչներն ու իշխանությունը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կրկին չընտրվեց արդարադատության նախարար, սակայն թեկնածուների շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է։ ՔՊ վարչությունում հուսահատության մեջ են. իրենց «սրտի» նախարարին չեն կարողանում գտնել, սակայն ամեն շաբաթվա նիստում կա նախարարի մի նոր թեկնածու, որին չեն ընտրում։ Այս անգամ ՔՊ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Կընտրվի նա վարչության կողմից թե ոչ՝ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախկին նախադեպերը:


Տեղեկացնենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է։ Սա հենց այն ոլորտն է, որ սիրում է Նիկոլ Փաշինյանը, եւ դեռ հեղափոխության տարիներից վանկարկում էր՝ «Ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»՝ նկատի ունենալով, թե պետությունից գողացվածը հետ է բերելու։ Ստացվում է դա այնքանով, որ Գալյանի կողմից կարգավորվող ոլորտի թիրախում ամեն օր նախկին պաշտոնյաներից որեւէ մեկն է, որոնցից պետք է բռնագանձեն գույքեր եւ միլիոնավոր դրամներ։ Կարծես թե, Գալյանը մոտ է «սրտի նախարար» դառնալու կոչմանը, բայց քանի դեռ չի նշանակվել, դժվար է ասել, որ հենց նա կլինի:


Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որպես ԱՆ թեկնածու երեկ պետք է ընտրեր հետեւյալ թեկնածուներից՝ Եղիշե Կիրակոսյան, Արմենուհի Հարությունյան, Արփինե Սարգսյան, Գագիկ Ջհանգիրյան. սակայն վերջին պահին իրավիճակը բեկումնային եղավ, չընտրվեց ոչ ոք, առաջադրվեց նոր թեկնածու։ Սրբուհի Գալյանը յուղալի պաշտոններ զբաղեցրել է հեղափոխությունից հետո։ 2018-2019 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ քննչական ծառայության իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ։ 2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը»:


«Հրապարակը» գրում է․ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարություններով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։ Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ քննչականի ղեկավարի եւ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն 2 անգամ դիմել են Աղազարյանի որդու քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- ասել էր Քյարամյանը։


Ուշագրավ է, որ իրավապահ մարմինները սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, լսումներից մոտ 15 օր անց վարույթը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված դիմումի հիման վրա: Իսկ հաղորդումը ներկայացրել է փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը, մեր տեղեկություններով, շատ մտերիմ է Հովիկ Աղազարյանի հետ` նրա համակուրսեցին է եղել։ Մինչդեռ հայտնի երկխոսությունը տեղի էր ունեցել ուժայինների ղեկավարների եւ գլխավոր դատախազի ներկայությամբ ու աչքի առաջ, եւ առանց հաղորդման էլ պետք է նույն օրը վարույթ հարուցվեր, որ պարզեին` կա՞ արդյոք պատգամավորի կողմից դիրքի չարաշահում, արդարադատության խոչընդոտում, թե՞ Քյարամյանը զրպարտել է նրան։ ՔՊ-ում խոսում են, որ Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է, կա՛մ էլ` եթե եղել է միջամտություն, թաքցրել է այդ փաստը, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի մտադրություն կա, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունից բողոք է գնացել ՔՊ վարչություն, որն առաջիկայում կքննարկվի։ Հիմքում լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստն է, ոմանք կարծում են, որ Քոչարյանն աններելի բան է արել՝ դատախազին՝ «վերեւում», իսկ մյուս ուժայիններին դահլիճում նստեցնելով, վարկաբեկել է իշխանությանը։ Իհարկե, լսումներն արարողակարգային միջոցառում չէ, բայց դահլիճում նստելու հարցում, ըստ ԱԺ երկարամյա աշխատակից


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազատություն»-ը, երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց՝ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել: Թեեւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքեց տեղեկությունը, բայց հստակ է՝ ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից, քանի որ վերջինս մշտապես ՔՊ-ում փորձել է իր թիմը ձեւավորել, խարդավանքներ է հյուսել, չենթարկվողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչի պատճառով իշխանական մի խումբ պատգամավորներ, մեղմ ասած, ատում են Քոչարյանին: Իշխող թիմում հարաբերությունները սրվել են հատկապես Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից եւ արդարադատության նախարարի թեկնածուների հետ կապված խոսակցություններից հետո:


Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր իսկ նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորներից միայն մի քանիսն են ներկա եղել, ու մեղադրել է իշխանական պատգամավորներին, թե արհամարհական վերաբերմունք են իր նկատմամբ ցույց տվել: Նաեւ Նիկոլ Փաշինյանին է այդ անտարբերության մասին լուրեր հասցրել, որպեսզի նա «թիմի վրա բարկանա»: Քոչարյանը կոպիտ ձեւով դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է: Պատճառներից մեկն էլ կապված է արդարադատության նախարարի թեկնածուների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով իր թեկնածուներին՝ Արփի Դավոյանին եւ Արմեն Խաչատրյանին է փորձել նախարար դարձնել, սակայն վարչությունը մերժել է, իսկ մյուս պատգամավորների առաջարկած թեկնածուները Քոչարյանի սրտով չեն եղել:


Հայտնել էինք նաեւ, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր ընկերոջ՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել, ինչը, սակայն, ՔՊ վարչությունը չի էլ քննարկել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վատ է արտահայտվել Սիսակ Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել, ինչը ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասի սրտով է եղել, բայց չեն համարձակվել մինչ այդ խոսել դրա մասին: ՔՊ-ական մեր աղբյուրները նաեւ փոխանցեցին, որ այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի է դեռ, շատ հնարավոր է՝ ոչինչ էլ չնախաձեռնվի, եւ Անդրանիկ Քոչարյանն էլի հաղթի: Ի վերջո, որոշումը մեկ մարդունը պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանինը, որը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանին, թե՞ հանդուրժել նրա վերելքը՝ դեպի ազդեցիկ իշխանություն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: Հիշեցնենք․ ապրիլին էլ «հաջողակ կին բիզնեսմեններին» էր հրավիրել մեկ միլիոն դրամանոց ընթրիքի: Նախորդ ընթրիքը, հավանաբար, գոհացրել է կազմակերպիչներին, հիմա երկրորդն են կազմակերպել: «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում: Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, եւ եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Մեզ հետ զրուցած աշխատակիցը նշեց. «Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել եւ մասնակցելու է ընթրիքին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փոխմարզպետ Հայկ Հարությունյանը պետական համակարգի հնաբնակներից է. աշխատել է ե՛ւ նախկին ե՛ւ ներկայիս իշխանությունների հետ՝ Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչից հասնելով Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին: Նա հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 հողամաս, 1 բազմամյա տնկի ունի փոխմարզպետը, բացի դրանից, եւս 2 անշարժ գույքերի մասին տեղեկություն պաշտպանված է գաղտնի կերպով։ 2010-2014 թթ. Հարությունյանը եղել է Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ։ 2014-2022 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ: Իսկ հիմա արդեն փոխմարզպետ Հարությունյանը 2020 թվականին ձեռք է բերել 2008 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։ Փոխմարզպետի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1.1 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ գրեթե 1.5 մլն դրամ։ Հայկ Հարությունյանը Սյունիքի փոխմարզպետի պաշտոնում աշխատելիս ստացել է 9,5 մլն դրամ տարեկան եկամուտ։ Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 779 հազար դրամ, որից 2 մլն 732 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»: