25.11.2024
Արարատ Միրզոյանը մտադիր է մեկնել Բաքո՞ւ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Սահմանազատում չէ, Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում է թշնամուն. մի՛ օգտագործեք այդ բառը

«Սահմանազատում» բառը նիկոլական նորլեզի հերթական օրինակն է։

Ամեն անգամ երբ այն օգտագործում ենք ակամա հաստատում ենք, որ այն, ինչ անում են նիկոլանք և ադրբեջանցիները, օրինական գործընթաց է։

Հիշեք. 2020-ի նոյեմբերից հետո, բազմաթիվ բարձունքներից հայկական զորքի նահանջելու հրաման տվեցին, անունը դրեցին, թե «GPS-ն այդպես է ցույց տալիս»։ Նիկոլաթուրքական հազարավոր ֆեյքեր և զոմբիներ, ծախու խոսող գլուխներ ազգին համոզում էին, թե «Ախպե՛ր, բա ի՞նչ անենք, GPS-ն ա ըտենց ցույց տալիս»։ Վերսահմանադրական, վերպետական, համարյա թե աստվածային երևույթ էր, էլի, GPS-ը։ Ինչը կարող էին այդպես հանձնել, հանձնեցին, այնուհետև շատ արագ GPS-ը մոռացան։

Հետո Նիկոլի «բանավոր ըմբռնումն» էր, որով հանձնեցին ադրբեջանցիներին Սյունիքի բարձունքները և Գորիս-Կապան ճանապարհը։

Հետո 29800 քառակուսի կիլոմետրի՝ որպես վերջին կարմիր գիծ, հեքիաթն էր։ Ու նույն քարոզչամեքենան հիմա էլ այդ թիվն էր ֆետիշացնում։ Արցախը թշնամու երախը դնելուց հետո շատ արագ այդ թիվն էլ մոռացվեց։
Այսպես քայլ առ քայլ, ամեն անգամ մի հեքիաթ պատմելով, ամեն անգամ ինչ-որ բառի, սիմվոլի, թվի վրա հանրային ուշադրությունը սևեռելով հանձնում էին։

Հանձնում էին առանց ոչ մի իրական փաստաթղթավորման։ Չկա այս պահի դրությամբ գեթ մեկ թուղթ, որը որևէ միջազգային ատյանում գոնե սագի փետուրի կշիռ ունենա։

Հիմա էլ «սահմանազատում» քիմերան է...

Մի՛ օգտագործեք այդ բառը։ Սահմանազատում չէ, Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում է թշնամուն։ Սահմանազատում չէ, թալան է։

Ամեն անգամ ասելով «սահմանազատում»՝ ակամա ջուր ենք լցնում նիկոլաթուրքական քարոզչության ջրաղացին, կեղծ օրինականության քողով ենք ծածկում այդ հանցագործությունը, մոլորեցնում ենք մեր ընթերցողներին, մեզ լսողներին։


 


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան