28.10.2024
ՀՀ դեսպանը Էկվադորի նախագահին է հանձնել իր  հավատարմագրերը
prev Նախորդ նորություն

Հաջորդ տարի ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ, սակայն ձգտում ենք 7 տոկոս աճի. նախարար

2025 թվականին ակնկալվում է ունենալ 5.6 տոկոս տնտեսական աճ: 2024 թվականին սպասվում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին` միջինում 5.5 տոկոս տնտեսական աճ: Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ այս աճի պայմաններում Կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը եւ 2021-2026 թվականներին միջինում կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը: Այս մասին ԱԺ-ում, մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ներկայացնելով 2025 թվականի պետբյուջեի նախագիծը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:


Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերմամբ, կլինի 5.5 տոկոս: Այն այնուհետեւ` միջնաժամկետ հատվածում, կհասնի 3 տոկոսի: Կառավարության պարտքը կաճի մինչեւ 53.5 տոկոս, այնուհետեւ միջնաժամկետով կբալանսավորվի 54.6 տոկոսի մոտակայքում:


Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի ավարտին կհասնի 25 տոկոսի, եւ հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 մլրդ դրամ: Այս տարվա եկամուտները 2 տրիլիոն 613 մլրդի փոխարեն կլինեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ:


2025 թվականի ընթացիկ ծախսերը 2024 թվականի 24.1 տոկոսի համեմատ կաճեն 24.9 տոկոսով:


Նախարարի խոսքով պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները` 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը` 609 մլրդ դրամ:


«2024 թվականի համեմատ մենք ունենալու ենք 275 մլրդ դրամ ավելի ծախսելու հնարավորություն: Այստեղ ընթացիկ ծախսերն ավելանալու են 238 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 38 մլրդ դրամով»,- հստակեցրել է զեկուցողը: