28.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
prev Նախորդ նորություն

«Երազում կտեսնեք, որ մենք տապալված լինենք». Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոսն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ նախագահական նստավայրի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի ընդունումը ընդամենը մեկ դրվագ է մեր կյանքում տեղ գտած ստի ահռելի ծավալից:


Հոգևորականի խոսքով, չլինելով միջազգային պայմանագիր՝ կանոնակարգը ՍԴ-ում անցել է արագացված ընթացակարգով և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռքով դարձել է խորհրդարանի վավերացման նյութ: Նա հատկապես ընդգծել է, որ ընդունված փաստաթղթի տակ բացակայում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու ստորագրությունը:


«Տեղի ունեցածը փաստացիորեն վկայում է այն մասին, ինչ մենք ամիսներ առաջ ասում էինք, որ Կիրանցում տեղի ունեցածն ուղղակի պետական հանցագործություն է, դավաճանություն, որովհետև առանց որևէ կանոնակարգի, պարզ հրամանի ներքո էս մարդիկ հանձնել են մեր երկիրը», - հայտարարել է Բագրատ Սրբազանը:


Նա նաև նշել է, որ բողոքարարները կարող էին չգալ նախագահական նստավայրի առջև, քանի որ այնտեղ «ոչ ոք չկա», սակայն եկել են, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տան, որ այդ խարանը դրոշմված է բոլոր նրանց ճակատին, ովքեր մասնակից են այդ գործընթացին: Նրա խոսքով, փաստաթուղթը տարբեր ատյաններով անցկացնելով՝ իշխանությունը կատարվածի պատասխանատվությունը տարածում է ողջ ժողովրդի վրա:


Սրբազանը տեղեկացրել է «Սրբազան պայքարի» մասնակիցների նկատմամբ ոստիկանության հետապնդումների մասին և նշել, որ իշխանությունները վախեցած են՝ չնայած պարբերաբար հայտարարում են շարժման տապալման մասին: «Երազում կտեսնեք, որ մենք տապալված լինենք», - հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ շեշտելով, որ շարժումը ծրագրված քայլերով գնում է դեպի իր նպատակը՝ հաղթանակը ստի և կեղծիքի դեմ պայքարում:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: