Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է։
Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝Բաքվին անհրաժեշտ է «Հայաստան՝առանց հայերի», այսինքն Հայաստանի էթնիկ-կրոնական դեմքի փոփոխություն՝Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման և Սյունիքի օկուպացիայի տեսքով։
Եթե Բաքուն իրոք ցանկանար ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ապա նոր նախապայմաններ առաջ չէր քաշի ՀՀ-ի առջև՝սահմանադրության փոփոխության և «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման տեսքով։
Ադրբեջանն ինտենսիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝զինվում է Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օգնությամբ, ԱԹՍ-ների արտադրությունն է զարգացնում Ադրբեջանում, ինչպես նաև զորքը պատրաստում է լեռնային և ցուրտ պայմաններում պատերազմական գործողությունների։ Հասկանալի է, որ այդ մարտերը կարող են ընթանալ Սյունիքում։
Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ի դեմ գործում են սինխրոն։ Անկարան հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի այդ ժամանակ, երբ բավարարվեն Բաքվի բոլոր պահանջները, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» հարցով, որը Թուրքիայի համար պանթուրանական լոգիստիկա է և պլացդարմ դեպի թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝Թուրան։
Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են բավարարել Ալիևի բոլոր պահանջները, սակայն անգամ այդ պարագայում Ալիևը չի կնքելու խաղաղության պայմանագիր։ Բաքուն ցանկանում է Հայաստանը ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ առումներով վերածել «failed state»-ի։
Ադրբեջանն արդեն իսկ հայտարարում է, որ հայոց բանակը պետք է կրճատվի՝Բաքուն մեղադրում է Արևմուտքին, հատկապես Ֆրանսիային, ինչպես նաև Հնդկաստանին՝ՀՀ-ին վերազինելու համար։ Բաքուն տեղեկատվական հիմք է պատրաստում ՀՀ-ի ապառազմականացման համար։
Այսպիսով, Ադրբեջանի նպատակը հստակ է՝Հարավային Կովկասում վերացնել հայկական գործոնը, Իրանից «պոկել»՝Իրանական Ադրբեջանն ու միանալ Թուրքիայի հետ՝նոր Օսմանական կայսրության ռազմավարության շրջանակներում։ Հայաստանը պետք է ինտենսիվորեն պատրաստվի նոր պատերազմի՝Սյունիքը վերածի անառիկ ամրոցի, ինչպես նաև գտնի նոր դաշնակիցներ, ում ձեռնտու չէ Մեծ Թուրանի կյանքի կոչումը՝այդ երկրներից են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, արաբական աշխարհի մի շարք երկրներ։
«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիք