14.12.2024
ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա
prev Նախորդ նորություն

«Ի՞նչ եք անում դուք». Վարդան Օսկանյանն արցախցիներից ավելին է պահանջում․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի գլխավորած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը վերադարձել է արտերկրից, որտեղ տասնյակ հանդիպումներ են ունեցել եւ քննարկել արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը։ Վերջին օրերին հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, պատգամավորների, կառավարության անդամների, փորձագետների հետ եւ հաշվետվություն ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ։ Վարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության են մատնված։ «Ի՞նչ եք անում դուք»,- ուղիղ հարց է տվել Օսկանյանը՝ նկատելով, որ հաշված մարդիկ են բարձրաձայնում արցախցիների իրավունքների եւ հատկապես վերադարձի իրավունքի խնդիրը։ Ներկաներից շատերը նեղվել են, փոքր-ինչ հակադարձել, որ անտարբեր չեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ միայն պատգամավորները, այլեւ հասարակական-փորձագիտական շրջանակները պետք է ակտիվանան` մի կողմից զսպելով հայաստանյան իշխանությունների ադրբեջանական խոսույթը, մյուս կողմից՝ հենարան դառնան հանձնախմբի համար, որ իրենք դրսում կարողանան հղում անել արցախյան շրջանակներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել։ Իրականում ինքն է որոշելու, թե ում է նշանակելու, պարզապես դա կուսակցական ընտրության շղարշի տակ է ուզում ներկայացնել: Իսկ երբ պահը գա, իր թեկնածուին կբերի ու կհորդորի, որ քվեարկեն նրա օգտին։ Նախօրեին վարչությունը մերժեց չորս թեկնածուներից երկուսին՝ Արմեն Խաչատրյանին, Ալեքսանդր Սիրունյանին, իսկ Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը բացարկ էին հայտնել։ Սիրունյանին ոչ մեկը կողմ չի քվեարկել, Արմեն Խաչատրյանին կողմ են եղել Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը, եւս մեկ վարչության անդամ։ Նիստի ժամանակ ասվել է, որ կսպասեն նոր առաջադրումների։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՔՊ վարչությունը որոշել է, որ առաջիկա թեկնածուները կարող են կուսակցական չլինել, հակառակ դեպքում, հնարավոր է չկարողանան ընտրություն կատարել:


«Հրապարակ» թերթը գրում է. Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։ Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։ ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել եւ ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հայաստանում իրականացված հարցման արդյունքներից պարզվում է, որ ըստ մեր քաղաքացիների, Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկերն է Ֆրանսիան: Այդպես է մտածում հարցվածների 59 %-ը։ Հաջորդում է Իրանը՝ 58 %, ապա՝ ԱՄՆ-ը՝ 48 %, Հնդկաստանը՝ 41% և ԵՄ-ն՝ 34 %: Ռուսաստանը կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցման մասնակիցների 33 %-ը, իսկ 30 %-ի կարծիքով, այդ երկիրը Չինաստանն է:


Կան տեսակետներ, ընդ որում, այդպիսի մոտեցում ունեցողների թիվը քիչ չէ, որ այդ հարցումն օբյեկտիվ չէ, ունի քաղաքական երանգավորում և ուղղվածություն, քանի որ սոցհարցում իրականացրած կազմակերպության գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, տվյալ կազմակերպությունը հանդես է գալիս «ամբողջ աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման օգտին»։ Այդուամենայնիվ, պետք է ընդունել, որ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը նույնպես տվել է իր արդյունքները։ Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ, ի վերջո, Փաշինյանն ու իր թիմը 2018 թ.-ից սկսած վարում են հակառուսական ներքին և արտաքին քաղաքականություն. ի մասնավորի՝ տարբեր մեդիամանիպուլ յացիաներով և հազարավոր ֆեյքերով փորձում են ՌԴ-ի դեմ սև փիառ իրականացնել։


«Արևմուտքը ՀՀ-ում ունի հարյուրավոր ՀԿ-ներ և այլ ազդեցության գործակալների ցանց, որի միջոցով իրականացվում է Արևմուտքի լոբբիզմը։ Աստիճանաբար հայ հասարակությունը սկսել է Ֆրանսիային և ԱՄՆ-ին դիտարկել որպես ՀՀ-ի կարևոր քաղաքական գործընկերներ։ Դա պայմանավորված է նաև Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծմամբ, որի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն ու ՔՊ-ն են, սակայն ՀՀ քաղաքացիների մոտ գործող իշխանությունները փորձում են ստեղծել այնպիսի կարծիք, որ դրա մեղավորը ՌԴ-ն է»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ հակառուսական քարոզչությունն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, և Մոսկվան պետք է եզրակացություններ անի ու քայլեր ձեռնարկի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։ Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ կուսակցությունը երկու անգամ վարչության նիստ է արել, տարբեր թեկնածուների քննարկել, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորին «մերժել ու տուն է ճանապարհել»։ Նա Գրիգոր Մինասյանին արժանի փոխարինողի է փնտրում, որը չկա ՔՊ կազմում: Վարչության՝ երեքշաբթի օրը կայացած նիստի ժամանակ, արդարադատության նախարարի 4 թեկնածուները ծավալուն ելույթներով են հանդես եկել։


Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով եւս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչու են նրան առաջարկել՝ որպես թեկնածու ներկայանալու: Այսպիսով, ինչպես նախորդ նիստին վարչությունը Արփի Դավոյանին մերժեց, հիմա էլ Արմեն Խաչատրյանին է մերժել:


Նշենք, որ նախարարի հիմնական թեկնածուները՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանը, երկուսն էլ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության իրական հեղինակ Անդրանիկ Քոչարյանի թեկնածուներն են եղել, նրանց լոբբինգով կուսակցությունում հենց Քոչարյանն է զբաղվել, սակայն երկուսին էլ Նիկոլ Փաշինյանը մերժել է։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ խարդավանքների մեծ սիրահար Անդրանիկ Քոչարյանը լծվել է ուժային եւ իրավապահ համակարգի պաշտոնյաների ոտքի տակը փորելու գործին, որպեսզի այդ պաշտոններին, Փաշինյանի մոտ բարեխոսելով, իր թեկնածուներին նշանակել տա։ Ինչպես, օրինակ, Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք սկսեց, որպեսզի Դավոյանին, ապա Արմեն Խաչատրյանին, նշանակեն այդ պաշտոնում։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ում նաեւ արդարադատության նոր նախարարի համար սահմանված պահանջները հանվել են, «պլանկան» իջեցվել է, որ թեկնածու գտնեն իրենց շրջապատից:Ի սկզբանե հստակ է եղել, որ նոր նախարարը պետք է կին լինի, սակայն Դավոյանից հետո այս պահանջը հանվել է, իսկ Արմեն Խաչատրյանին մերժելուց հետո՝ ՔՊ-ում համարում են, որ պարտադիր չէ, որ նոր նախարարը կուսակցական լինի. ուստի չի բացառվում, որ նոր նախարարը ՔՊ անդամ չլինի, քանի որ գրագետ կուսակցականներ չկան ՔՊ-ում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «ԷԿԼ ՕՖ ՈՒՎԿ», «ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ», «Արեգակ ՈՒՎԿ» կազմակերպությունները դատարանների միջոցով փորձում են արդարադատության «հասնել» Արփի Դավոյանի քրոջ՝ Լուսինեի նկատմամբ, քանի որ նա չի վճարում իր պարտքերը:


Վճիռների պատկերն այսպիսին է.


«ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ եւ 601 հազար դրամ


«Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝ 3 հազար 814 դոլար


«Արեգակ ՈՒՎԿ»՝ 194 հազար դրամ


Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձեւավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» եւ հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը եւս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում: «Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։ Փաստորեն հեղափոխականները, դիցուք՝ արդարադատության նախարարի «քննությունից կտրված» Արփի Դավոյանը, ընտանիքի անդամների հետ պարտքեր է կուտակել, չի վճարել, ստիպված պարտքատեր բանկերն ու վարկային կազմակերպությունները դատարան են դիմել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակը՝ կազմակերպելով «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով երկօրյա, բարձր մակարդակի միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետական այլ այրեր, մի շարք դեսպաններ ու այլ անձինք: Հետաքրքիրն այն է, որ միջոցառմանը ներկա չեն գտնվել նախկին պաշտպաններ Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը եւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։


Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, եւ պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին եւ Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների եւ տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն եւ այժմ ԲԴԽ նախագահ է:


«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք միջոցառմանը հրավիրված եղել է Կարեն Անդրեասյանը, թե ոչ: Ի պատասխան՝ Արթուր Ասլանյանն ասաց. «Մենք բոլոր պետական պաշտոնյաներին հրավեր ուղարկել ենք, իսկ թե ինչու չի եկել, Բարձրագույն դատական խորհրդից ճշտեք, չենք կարող ասել։ Մյուս միջոցառմանը դեռ հրավիրվածներ չկան, այսինքն՝ դեռ չենք ուղարկել հրավերներ։ Միջոցառումները մշակման փուլում են»:


Դիմեցինք նաեւ Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը չի մասնակցել միջոցառմանը՝ հրավեր ունենալով հանդերձ, ինչին ի պատասխան՝ ասացին. «Պարոն Անդրեասյանը, այլ զբաղվածությամբ պայմանավորված, նպատակահարմար չի գտել մասնակցել միջոցառմանը»։ Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու ժամանակ ու նպատակահարմարություն չի ունեցել: Այս փաստը հետաքրքիր է հատկապես ՔՊ-ի կողմից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի անակնկալ ու անարդար պաշտոնազրկումից հետո: Ինչպես հայտնի է՝ Մինասյանն ու Անդրեասյանը մտերիմ ընկերներ են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀայաՔվեի» ներկայացուցիչները` կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանը եւ իրավաբան Արամ Պետրոսյանը, այս օրերին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում էին` դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը:  «ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն էր, Հայաստանից` միակը եւ Էրբիլ էր այցելել Քուրդիստանի հայրենասիրական միության հրավերով: Պատվիրակներն այցելել են Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով, հանդիպել հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ, եղել են Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում եւ հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեի հետ:


«ՀայաՔվեի» ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի հետ։ Ի զարմանս հայկական պատվիրակության՝ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը բացարձակ անտարբերություն է ցուցաբերել նրանց նկատմամբ, հանդիպման առաջարկները թողել է անպատասխան։ Սա՝ այն դեպքում, երբ Էրբիլում հայկական ներկայություն գրեթե չկա, եւ քրդական կողմի հրավերով հայկական պատվիրակության ժամանումը պետք է որ մեծ իրադարձություն լիներ տեղի ՀՀ գլխավոր հյուպատոսության համար։ Թերեւս, ՀՀ ԱԳՆ-ից իջած ցուցումը՝ չհանդիպելու ընդդիմադիր պատվիրակության անդամների հետ, ավելի զորավոր է եղել։