23.11.2024
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են Ստամբուլում
prev Նախորդ նորություն

Փոքր քաղաքի մեծ հաղթանակը. Ապարանը՝ Հայաստանի 2025թ․ երիտասարդական մայրաքաղաք

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվեցին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները։ Հաղթող ճանաչվեց Ապարան քաղաքը՝ հավաքելով առավելագույն՝ 33,31 միավորը։


Մրցութային հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ տարեցտարի բարելավվում է երիտասարդական մայրաքաղաքի և միջոցառումների որակը։ Մրցույթին մասնակցում էին հինգ քաղաքներ՝ Աբովյանը, Ալավերդին, Ապարանը, Մարտունին և Նոյեմբերյանը։


Փորձագիտական խումբը գնահատել է յուրաքանչյուր թեկնածու քաղաքի ներուժը, ներառյալ սպորտային, մշակութային և ժամանցային հաստատությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը։ Հետաքրքիր է, որ փորձագետները նախապատվությունը տվել էին Նոյեմբերյանի հայտին, սակայն SMS քվեարկության 18,021 մասնակիցներից 10,440-ը քվեարկել են Ապարանի օգտին։


«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթն անցկացվում է 2014 թվականից և նպատակ ունի ակտիվացնել մարզերի երիտասարդական կյանքը, բացահայտել երիտասարդների ներուժը և ընդլայնել տեղական մակարդակում երիտասարդական ծրագրերը։


Ապարանը կդառնա Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը ստացած տասնմեկերորդ քաղաքը և 2025 թվականին կստանձնի էստաֆետը ներկայիս երիտասարդական մայրաքաղաք Գավառից։