Նախագծով առաջարկվում է ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ
Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ ՀՀ տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին: Թիմը կլինի ինքնաբավ, կունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում (ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս) տեղակայվելու եւ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտակարգ իրավիճակների ընթացքում ամբողջ աշխարհում գործում են արագ արձագանքման բժշկական խմբեր: Զեկուցողի տեղեկացմամբ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ խմբերը բավականին արդյունավետ օգնություն են տրամադրում տարբեր արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներին: «Մենք նման փորձառություն ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության ընթացքում, երբ տարբեր երկրներից ունեցանք նման օժանդակություն»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ միջազգային հավաստագրման համաձայն` կան տարբեր մակարդակների բժշկական թիմեր: Գործադիրն առաջարկում է ստեղծել առաջին մակարդակի բժշկական թիմ: Լենա Նանուշյանը համոզմունք է հայտնել, որ բարեհաջող միջազգային հավաստագիր ստանալու դեպքում հետագայում կարող է քննարկվել երկրորդ եւ մյուս մակարդակների բժշկական թիմեր ստեղծելու հարցը:
Պատգամավորներն իրենց դիտարկումներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ: Ընդունվել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի առաջարկը. սահմանվել է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների եւ տեսակների, կսահմանի լիազոր մարմինը:
Առաջին ընթերցմամբ ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 17-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: