Սպիտակում կկառուցվի բժշկական կենտրոնի նոր շենք և կլուծվի 36 ընտանիքի բնակարանային խնդիրը
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման և վթարային բնակարաններից ընտանիքների վերաբնակեցման վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է հիվանդանոցի նոր շենքի կառուցում և 1988թ. երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանների տրամադրում:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է մի շարք որոշումներ՝ ուղղված Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը և սոցիալական խնդիրների լուծմանը:
Ընդունված որոշման համաձայն՝ Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող հողամասը կփոխանցվի Լոռու մարզպետի աշխատակազմին՝ Սպիտակի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման համար: Այս որոշումը նպատակաուղղված է տարածաշրջանում բժշկական ծառայությունների արդիականացմանը:
Բացի այդ, կառավարությունը որոշում է ընդունել Խնկոյան N 134 հասցեում կառուցված նոր բազմաբնակարան շենքում 36 բնակարան հատկացնել այն ընտանիքների վերաբնակեցման համար, որոնք բնակվում են 1988թ. երկրաշարժից հետո կառուցված և անբավարար տեխնիկական վիճակում գտնվող երկու փայտյա հանրակացարանային շենքերում:
Համայնքի ղեկավարի կողմից շինարարության ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) տրամադրելուց հետո շենքը կհանձնվի շահագործման և կսկսվի բնակարանների բաշխումը: Կառավարությունը նաև միջոցներ կհատկացնի անհրաժեշտ չափագրման աշխատանքների իրականացման համար: