Իտալիան կօգնի Հայաստանին Ակադեմիական քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման հարցում
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Երևանում նոր Ակադեմիական քաղաքի տրանսպորտային մաստեր պլանի մշակման համար իտալական «Սիստեմատիկա» ընկերության ներգրավմանը: Ծրագիրը նախատեսում է ստեղծել շարժունակության եզակի համակարգ՝ ավտոմեքենաների սահմանափակ օգտագործմամբ և մետրոյի հնարավոր ընդլայնմամբ:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունն որոշում է ընդունել Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման և զարգացման շրջանակներում տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու մասին: Ընտրությունը կանգ է առել իտալական «Սիստեմատիկա» ընկերության վրա, որն արդեն մասնակցել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակմանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ է դարձել, որ նմանատիպ ծրագրերի հաջողության հիմնական պայմաները տրանսպորտային կապվածությունն է և շարժունակության հնարավորությունները»: Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է 8 ամիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտի շարժը սահմանափակված կլինի: «Քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործելը նախատեսված չէ։ Ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար՝ որոշակի գրաֆիկով», - ասել է նա:
Փաշինյանը նաև կիսվել է ռազմավարական տեսլականով. «Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառ, հետագայում էլ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Այս պարագայում կստացվի, որ Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն»: