23.11.2024
Դալլաքյան. Իմ և Սեյրան Օհանյանի պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
prev Նախորդ նորություն

Սաֆարովի Հունգարիա վերադարձի պահանջի վերաբերյալ ՄԻԵԴ-ն այս տարի հնարավոր է որոշում կայացնի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները ճանաչել է որպես պատասխանող կողմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականին կացնահարված հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի գործով, ինչն արդեն դրական տեղաշարժ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարգարյանի հարազատներին ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը:

«Մենք պահանջել ենք, որ Հունգարիայի որոշումն անվավեր ճանաչվի, և Սաֆարովը հետ վերադարձվի Հունգարիա: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին որևէ նյութական պահանջ չի ներկայացվել: Ակնկալվում է, որ այս տարի մեր պահանջի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կլինի»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը:

Նազելի Վարդանյանը նաև հավելեց, որ 2016 թվականի հունվարի 12-ին Եվրադատարանը երեքական հարցադրում է ուղղել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին, որոնց կողմերը պատասխանել են:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռամիլ Սաֆարովը և Գուրգեն Մարգարյանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող անգլերեն լեզվի դասընթացի Բուդապեշտում: 2004 թվականի փետրվարի 19-ին Սաֆարովը սպանել է Մարգարյանին՝ կացնով: 2006 թվականի ապրիլին Սաֆարովը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ Բուդապեշտի դատարանի կողմից և դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 30 տարի անց պայմանական ազատ արձակման հնարավորությամբ:

2012 թվականի օգոստոսին Հունգարիայի արդարադատության նախարարությունը թույլ է տվել Սաֆարովին տեղափոխել Ադրբեջան և օգոստոսի 31-ին Ադրբեջան տեղափոխվելուց մի քանի ժամ անց Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից, և նա ազատ է արձակվել:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: