23.11.2024
Գիշերը շփման գծում արձանագրվել է լարվածության աճ. ԼՂՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Դալլաքյան. Իմ և Սեյրան Օհանյանի պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել

Մենք դադարեցնում ենք համագործակցությունը, որը նախատեսում էր հունվարի 17-ին երեք կուսակցությունների կողմից ընդունված հայտարարությունը: Այսինքն՝ խոսել որևէ դաշինքի մասին և՛ իրավական, և՛ քաղաքական ու քաղաքագիտական առումով կլիներ միանգամայն սխալ: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Նա հիշեցրեց, որ հունվարի 17-ին երեք կուսակցություններ՝ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընդունել էին «Համագործակցության համաձայնագիր՝ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու մասին» խորագրով հայտարարություն, սակայն դաշինք մինչ օրս չիչ ձևավորվել: Անցած ուրբաթ այդ համագործակցությունը դադարեցրեց Դեմոկրատական կուսակցությունը, իսկ երեկ Դալլաքյանը ևս հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ.

«Այսօրվա վիճակով այդ համաձայնագրի երեք հիմնադիր կողմերից երկուսը դուրս են եկել, որտեղ մնացել է միայն «Համախմբումը»: Խոսքը չի վերաբերվում դաշինքը լքելուն»,- ասաց նա:

Ներկայացնելով պատճառները, թե ինչու է նման որոշում կայացրել, Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ համաձայնության գալուց հետո ինքը ներկայացրել է որոշակի առաջարկություններ աշխատակարգերի վերաբերյալ՝ ի՞նչ սկզբունքներով պետք է գործի երեք կուսակցությունների խորհուրդը, ի՞նչ կարգով են ընդունվելու որոշումները և այլն: Ու քանի որ այդ ամենը տեղի չի ունեցել՝ իրենց մասնակցությունը դարձել է աննպատակահարմար, առավել ևս որոշ «ստվերային ու կուլուարային գործընթացների ֆոնին»:

«Եթե մենք խնդիր ենք դրել, որ այս համագործակցության արդյունքում երկրում պետք է իրականացվեն արմատական բարեփոխումներ, ապա դա ենթադրում էր, որ բոլոր գործընթացները պետք է լինեին հրապարակային և ոչ թե ստվերային կամ կուլուարային: Ուստի այս հիմնավորումներով մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր մասնակցությունը այս համաձայնագրին»,- շեշտեց նա:

Անդրադառնալով իր ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համագործակցությանը, բանախոսը նշեց, որ այն կրել է տևական բնույթ, եղել են հստակ պայմանավորվածություններ, սակայն այսօր նա ձեռնպահ կմնա դրանց վերաբերյալ մեկնաբանություններից: Միայն ասաց, որ կարծում է, որ այդ պայմանավորվածությունները եղել է ի օգուտ Հայաստանի ու ժողովրդի.

«Ցավոք, այդ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել և իմ այսօրվա քայլը պայմանավորված է նաև դրանով»,- հայտարարեց Դալլաքյանը՝ ավելացնելով, որ որոշ պայմանավորվածություններ, մասնավորապես աշխատակարգերի և այլ գործընթացների մասով, չեն իրականացվել նաև «Համախմբման» կողմից:

Ի դեպ, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի ընդունել: