Թուրքիայում ռադիոկայան է փակվել եթերում «Հայոց ցեղասպանություն» օգտագործելու պատճառով
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Ստամբուլում տեղակայված Բաց Ռադիոն (Açık Radyo) դադարեցրել է գործունեությունը Հայոց ցեղասպանություն արտահայտությունը եթերում օգտագործելու պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Bianet-ը՝ հաղորդում է, որ ռադիոկայանը լիցենզիայից զրկվել էր դեռևս հուլիսին, սակայն ռադիոն կարողացել է հեռարձակում իրականացնել մինչև հոկտեմբերի 16-ը:
Ռադիոկայանի նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել այն բանից հետո, երբ ապրիլին նրանց հյուրը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն:
Ռադիոկայանի հիմնադիր Օմեր Մադրան ուղերձ է հղել՝ ազդարարելով ռադիոկայանի գործունեությունը դադարեցնելու մասին։ «Եվ այսպես, մենք ավարտում ենք: Շնորհակալություն ենք հայտնում Açık Radyo-ի բոլոր ունկնդիրներին և աջակիցներին: Açık Radyo-ն բաց կմնա տիեզերքի բոլոր ձայների, գույների և թրթիռների համար»,- ասել է նա:
Ռադիոկայանին լիցենզիայից զրկելու որոշման մասին «Արմենպրես»-ը հայտնել էր հուլիսի 4-ին։ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը նախ ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չէր կատարել։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռադիոյի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենք հեռարձակումը կասեցնելու մասին որոշումը չէին կատարել, քանի որ ավելի վաղ դատարան էին դիմել և բողոքարկել այդ որոշումը, սակայն Բարձրագույն խորհուրդը, չսպասելով դատարանի որոշմանը, կայացրել էր ռադիոկայանին լիցենզիայից զրկելու որոշում։ 9 հոգուց բաղկացած խորհուրդը, որտեղ գերակշռում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ռադիոն փակելու որոշում էին ընդունել, քանի որ այն չի դադարեցրել հաղորդման հեռարձակումը, որն, ըստ խորհրդի, խախտել է «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդել կամ ատելության զգացում առաջացնել հասարակության մեջ՝ անկախ ռասայից, լեզվից, կրոնից, սեռից, դասակարգից կամ աղանդից» հոդվածը։