Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն փաստին, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ երեք օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի նախօրեին Դուշանբե քաղաքում անցկացված Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ, սակայն վերջինս որևէ կերպ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին, և հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնև ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից:
Միևնույն ժամանակ, Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հայկական կողմի՝ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների խորհրդարանների և հասարակությունների խաղաղության նախապատրաստմանն ու դրա ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը, որոնք միտված կլինեն փոխադարձ վստահության ձևավորմանը: