Հայաստանում քրեական գործերով դատավորների թիվը կավելանա 8-ով
Լուսանկարը` gov.am
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8-ով ավելացնելու առաջարկին:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածության աճ, ինչը պայմանավորում է քրեական մասնագիտացման դատավորների թվաքանակի ավելացման անհրաժեշտությունը:
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցագործություններ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն տուժողի քրեական հայցի հիման վրա:
Փոխնախարարի խոսքով՝ հոդվածի առաջին մասով նախատեսված են այն հանցագործությունները, որոնք ենթակա են քննության մասնավոր մեղադրանքի կարգով: Դրանք 25-ն են, և յուրաքանչյուրը առաջին մասով որակվելու դեպքում՝ կախված գույքային վնասի չափից կամ ծանրացնող հանգամանքների բացակայությունից, ենթակա է քննության ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ անմիջականորեն դատարանի կողմից՝ մասնավոր մեղադրանքի կարգով, առանց նախաքննության:
Դատավորների ավելացման ենթակա հաստիքների թիվը որոշելու նպատակով հիմք են ընդունվել մի շարք վիճակագրական տվյալներ: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել նախաձեռնությունը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետի այն հարցին, թե ինչ պատասխանատվություն է նախատեսվում հայցվորի համար անհիմն հայցերի դեպքում, Արմենուհի Հարությունյանը պատասխանել է, որ օրենսգրքի համաձայն՝ անհիմն մեղադրանք ներկայացնողը նույնպես պատասխանատվության կենթարկվի: