24.11.2024
Փոխնախագահ Հարիսը նույնիսկ ձայն չբարձրացրեց 2023 թ.Ադրբեջանի ագրեսիայի դեմ. Հայ Դատ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով:


Նախագահին ուղղված ուղերձում ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ:


Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության ապահովման գործում:


Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև միջպետական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, անցած ժամանակահատվածում կայուն առաջընթաց են գրանցել քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության հետևողական ամրապնդումն ու խորացումը:


Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն առավել զարգացնելու ու փոխգործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։


Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ։


Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից եկող սերտ բարեկամական կապերի վրա, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ։


Անցած տարիներին երկուստեք ջանքերի շնորհիվ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կայուն առաջընթաց է գրանցել, զարգացել և ընդլայնվել են առևտրատնտեսական կապերը, իրականացվել են համատեղ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության, տրանսպորտի ու հաղորդակցության և այլ բնագավառներում:


Վստահ եմ, որ ապագայում մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ձեռք բերելով նոր որակ և մակարդակ:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։